Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ստորագրել է ՃՈ արդեն նախկին պետ Մարգար Օհանյանի ազատման հրամանը, եւ նա անցել է կադրերի տրամադրության տակ:
Ինչ վերաբերում է Մ. Օհանյանին կալանավորելու մասին հարցին, ապա ոստիկանապետը հայտնեց, որ որեւէ կանխատեսում չի կարող անել. «Այս պահին հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի շրջանակներում քննություն է իրականացնում: Այսօր-վաղը իրենք կորոշեն, կներկայացնեն դատարան, դատարանը կորոշի` կալանքի խնդիր կա՞, թե՞ ոչ»:
Ոստիկանապետը նաեւ նշեց, որ անձնական որեւէ խնդիր Մարգար Օհանյանի հետ չի ունեցել, ինչը կհասցներ այս աստիճանի: «Ես ուղղակի հայտարարում եմ եւ չեմ ամաչում` մենք շատ մտերիմ հարաբերություններ ենք ունեցել: Միգուցե իմ վերաբերմունքից նա որոշակի չարաշահումներ թույլ էր տվել, ես դա չեմ բացառում, այնուամենայնիվ, նա դրա իրավունքը չուներ: Ես արձանագրել եմ հափշտակության փաստը, հիմնավորել եմ համապատասխան բացատրություններով եւ նյութերը հանձնել եմ հատուկ քննչական, թող քննչական ծառայությունը բացահայտի` որտե՞ղ է յուրացվել բենզինը, ի՞նչ ճանապարհով է դա լվացվել,- նշեց ոստիկանապետը եւ շարունակեց,- եթե որեւիցե մեկին թվում է, որ ես դրանից կարող եմ ինձ լավ զգալ, կամ դրանից ինձ մոտ որեւիցե լավի առումով տրամադրություն կստեղծվի, ոչ: Ինքս շատ ցավում եմ, բոլորդ գիտեք` իմ եւ Մարգար Օհանյանի հարաբերությունները ինչպիսին են եղել. շատ ակնհայտ, ամենամարդկային, ամենաջերմ, ընկերական հարաբերություններն են եղել: Ցավում եմ, որ այդպիսի բան ստացվեց: Եթե ունեմ տրամադրության անկում, ապա միայն մարդկային: Ինչ վերաբերում է` որպես պետական պաշտոնյայի, դա երբեք իմ տրամադրության անկման չի բերի. ցանկացած նման գործի բացահայտումը, կարծում եմ, պատիվ է մեր համակարգի համար: Ամոթ է, որ կատարվել է, շատ ամոթալի երեւույթ է տեղի ունեցել, բայց եթե խոսում ենք ինքնամաքրման մասին, եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այս գործընթացը մեզ մոտ իրականանում է»:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ Մարգար Օհանյանը ցուցմունք է տվել ոստիկանապետի դեմ, Ալիկ Սարգսյանը նշեց, որ այդ տեղեկությանը չի տիրապետում. «Ամեն դեպքում կյանքը շարունակվում է: Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, ես էլ անչափահաս չեմ, ես էլ բարձրագույն կրթությամբ իրավաբան եմ: Ես որեւիցե առնչություն այս գործի հետ ունենալ չէի կարող` ե'ւ իմ մասնագիտական որակներով, ե'ւ իմ մարդկային տեսակով»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` արդյո՞ք անցած ժամանակահատվածում ՃՈ-ի կողմից վառելիքի յուրացման վերաբերյալ ոստիկանությունը որեւէ ահազանգ չի ստացել: Ա. Սարգսյանը պատասխանեց, որ նման ահազանգ մինչ այժմ չի եղել, այլապես ինքը կարձագանքեր դրան շատ ավելի վաղ, եւ այսօրվա ամոթալի վիճակը չէր ստեղծվի: «Պարզ ճակատով հայտարարում եմ` եթե կլինեն նման չարաշահումներ, ինքս կներկայացնեմ առանց հապաղելու»,- հայտարարեց նա: