կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-17 21:09
Մշակույթ

Մեկուկես կինոթատրոնով կինոփառատոնն ավարտվեց

Մեկուկես կինոթատրոնով կինոփառատոնն ավարտվեց

Ավարտվեց «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը, որն իր ձեւաչափով միջազգային է, սակայն ինչպես վերջին մեկ շաբաթում բոլորս նկատեցինք, երեւանցիներից ոչ բոլորն էին ապրում կինոփառատոնով:

Այսօր` մրցանակ «ծիրան»-ների հանձնման արարողության ժամանակ, «Միջազգային խաղարկային ֆիլմերի» մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ իրանցի ռեժիսոր Աղհար Ֆահրադին «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմի համար: Արծաթե ծիրանի արժանացավ «Մուսանյան նոթեր» կինոնկարի հեղինակ Փարկ Չուն-բումը: Հատուկ մրցանակ հանձնվեց Պաոլա Մարկովիչին:

«Վավերագրական կինո» անվանակարգում Ոսկե ծիրանը ստացավ Ալեքսանդր Նանաուին ` «Աշխարհն ըստ Յոն Բ.-ի» ֆիլմի համար, իսկ Արծաթե ծիրանը բաժին հասավ «Ամառային արոտավայր» ֆիլմի երեք հեղինակներ Լին Թրուին, Նելսոն Ուոքերին եւ Ցերինգ Պերլոյին: Դիպլոմ հանձնվեց Ահմադ Սեյեդքեշմիրին` «Հոյակապ ոչինչ» ֆիլմի համար:

«Հայկական համայնապատկերում» գլխավոր մրցանակը ստացավ Հարութ Շատյանը իր «Բեռնելով իմ կյանքը» ֆիլմի համար, երկրորդ մրցանակը` Էմիլ Մկրտչյան` «Տիեզերանավը»: Հատուկ մրցանակի արժանացավ Անաստասիա Պոպովան` «Վարդագույն քաղաքի վերջին հիպպին» ֆիլմի համար:

«Ոսկե ծիրանի» նոր` «Կորիզ» մրցութային ծրագրի առաջին մրցանակն էլ ստացավ Պյոտր Սուբոտինը «Գլազգո» կինոնկարի համար: Այս մրցութային ծրագրում հատուկ մրցանակի արժանացավ ռեժիսոր Սերհաթ Կարաասլանին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հեղինակավոր ժյուրիի անդամները ամփոփեցին մրցույթի արդյունքները, նաեւ ներկայացրին փառատոնի վերաբերյալ իրենց տպավորությունները:

Նրանց կարծիքով` փառատոնը շատ լավ է կազմակերպված եղել, իսկ լեփ-լեցուն դահլիճները եւ այս տարի ժամանած հայտնի հյուրերի անունները երաշխիք են, որ փառատոնը երկար ճանապարհ կանցնի: Սակայն նշենք, որ հենց մեր տեսախցիկն է արձանագրել, որ ոչ բոլոր ֆիլմերի ցուցադրության ժամանակ են դահլիճները լեփ-լեցուն եղել:

Նախօրեին իրանցի մի քանի հյուրերի հետ խոսելիս պարզ դարձավ, որ նրանք շատ զարմացած են ու վիրավորված, որ իրենց ֆիլմի ցուցադրության ժամանակ «Նաիրի» կինոթատրոնի դահլիճում եղել է ընդամենը մի քանի հանդիսատես:

«Իրանն էլ է անցկացնում կինոփառատոն, սակայն այսպես չի լինում: Իրանական կինոփառատոնի ժամանակ ամբողջ բնակչությունն այդ օրերին ապրում է հենց այդ կինոփառատոնով, իսկ այստեղ այլ է, բոլորը մատերի արանքով են նայում: Զարմանալի է, եւ ես ինքս ապշած եմ»,- մեզ հետ զրույցում ասաց կինոփառատոնի իրանցի հյուրերից մեկը: