կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-31 01:11
Հասարակություն

Շնորհվել են ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակները

Շնորհվել են ՀՀ նախագահի 2010 թվականի մրցանակները

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակի շնորհման արարողությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է մրցանակներն ու շնորհավորել մրցանակակիրներին` ընդգծելով, որ նրանց գիտական և ստեղծագործական ձեռքբերումները մեր երկրի ու ժողովրդի ձեռքբերումներն են:

Հանրապետության նախագահի 2010 թվականի մրցանակին են արժանացել`

- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը (Ֆրանսիա)` Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար և Իսրայել Վ. Չերնին (Իսրայել)` Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար,

- բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Մարտին Գրիգորյանը և Արծրուն Սարգսյանը` «Ոչ գծային մոտարկումներ և Ֆուրիեի գործակիցներ» գիտական հոդվածների շարքի համար,

- տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Հարություն Թերզյանը` «Էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորում. թվային մեթոդներ և լուծումներ» (անգլերեն) մենագրության համար,

- արվեստի բնագավառում՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը, Ռուբեն Խաչատրյանը, Վրեժ Պետրոսյանը, Կարեն Ծատուրյանը` «Սահման» ֆիլմի համար,

- բժշկագիտության բնագավառում` Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Վարդանյանը` «Աչքի ցանցենու պաշտպանական համակարգում տաուրինի և տաուրետի դերի բացահայտումը» աշխատանքի համար,

- ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Արմեն Ներսեսյանը, Տիգրան Հակոբյանը, Վադիմ Օհանյանը, Վահագն Եղիկյանը` «Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն» գիտական հոդվածների շարքի համար,

- գրականության բնագավառում՝ Վարդան (Սլավիկ) Հակոբյանը` «Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե» պոեմի համար,

- հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Արգամ Այվազյանը` «Նախիջևանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորների համար:

Հանրապետության նախագահի 2010 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել`

- կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Վահե Հակոբյանին` ինքնադիմանկարների շարքի համար և Սարգիս Բաբայանին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար,

- գրականության բնագավառում` Լիլիթ Կարապետյանին` «Նորից երկուշաբթի», «-...-Չգիտեմ», «Կոր պատմվածք», «Հենակով ստվերներ», «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների համար և Հարություն Հովակիմյանին` «Երբ մենք չաղոթեցինք» բանաստեղծությունների ժողովածուի համար,

- դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում Արմեն Մանասյանին (դաշնամուր)`լավագույն կատարման համար: