Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, որովհետեւ այս ձեւով դրանք միայն նպաստում են Թուրքիայի շահերին. այսօր հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` այսօր Թուրքիան կարողանում է օգտվել այդ արձանագրություններից, իսկ Հայաստանը`ոչ, եւ սպասել Թուրքիային` նշանակում է ոչինչ չնախաձեռնել:
Արձանագրություններում առկա երկու կետերը, ըստ ՀՅԴ ներկայացուցչի, տարբեր երկրներ, հատկապես` ԱՄՆ-ը, մեկնաբանում են այնպես, ինչպես Թուրքիան է մեկնաբանում: Դրանցից մեկը պատմական հարթության վրա ուսումնասիրություններ կատարող ձեւավորվելիք ենթահանձնաժողովի հարցն է:
«Թուրքիան եւ մի շարք երկրներ ասում են, որ այդ ենթահանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության փաստի խնդիրը: Նրանք, փաստորեն, անտեսում են Հայաստանի տեսակետը, այն է` այդ հանձնաժողովը Ցեղասպանության հարցը չէ, որ պիտի վիճարկի, այլ պետք է քննարկի հետեւանքները վերացնելու հարցերը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Երկրորդ կետը, որով նույնպես անտեսվում է Հայաստանի կարծիքը, Կիրո Մանոյանը համարում է սահմանի խնդիրը. դարձյալ անտեսվում է Հայաստանի նախագահի մեկնաբանությունը, ըստ որի` կա միայն Հայաստան-Թուրքիա սահմանային հարց, որը պետք է կարգավորվի` միջազգային իրավունքի համաձայն: Իսկ Թուրքիան ու ԱՄՆ-ը մեկնաբանում են, որ կողմերը առկա սահմանը ճանաչում են որպես իրավական սահման:
«Այն, որ ԱՄՆ-ը եւ մյուս երկրներն այս երկու խնդիրների մասին ունեն նույն մեկնաբանությունը, ինչ Թուրքիան, եւ դա օգտագործում են Հայաստանի դեմ, փաստ է: Բացի այդ` Թուրքիան իրեն իրավունք է տվել երրորդ նախապայմանը առաջադրելու` Ղարաբաղի հարցի կարգավորումը, եւ հիմա այն երկրները, որոնք ասում էին, թե առանց նախապայմանի պետք է վավերացնել այս արձանագրությունները, Թուրքիայի ասածը սկսել են համարել տրամաբանական»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ Հայաստանը, փաստորեն, մնացել է ձեռնունայն եւ իրեն դրել կախվածության մեջ` ասելով, որ եթե Թուրքիան այո ասի, ինքն էլ կասի: