Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 22:51
Առանց Կատեգորիա

ՀԵՏՔ. Նրանց շահը գերակա է

ՀԵՏՔ. Նրանց շահը գերակա է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հիմնադրած «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա է ստացել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասում:

ԱԺ նիստերին Տիգրան Արզաքանցյանը գրեթե չի մասնակցում, նշանակում է` եկել է ինչ-որ գործարքի համար: Ապրիլին Տիգրան Արզաքանցյանը Հայաստանում էր, եւ երբ անցած շաբաթ կառավարության ընդունած որոշումներից մեկից հայտնի դարձավ գործարքի մասին, պարզ դարձավ նաեւ Արզաքանցյանի` Հայաստան գալու շարժառիթը: Նա եկել էր, որպեսզի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կառավարությունում ներկայացնի «գերակա շահի» հերթական փաթեթը:

Ըստ այդմ` 3.22 հա սեփական հողերի կատեգորիան պիտի փոխվի եւ, «բացառիկ` գերակա հանրային շահ» ճանաչելով, տրվի «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2011-ի մարտի 15-ին այդ ընկերությանը տվել է լեռնահատկացման ակտ 41.1 հա տարածքի համար: Սակայն նշված հողատարածքի սահմաններում 3.22 հա-ը սեփականության իրավունքով պատկանում է այլ սեփականատիրոջ, «ինչը խոչընդոտում է ընկերության ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարմանը»: Այդ խոչընդոտը կառավարությւոնը պարտավոր էր վերացնել, եւ դրա համար «գերակա հանրային շահի» անցած շաբաթվա «հերոսներ» դարձան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Իսկ կառավարության որոշման մեջ «գերակա հանրային շահը» հիմնավորվել է այսպես. «...«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է կատարել կապիտալ ներդրումներ շուրջ 6 մլն դոլարին համարժեք դրամի չափով: Տարեկան նախատեսվում է արդյունահանել 150 հազար տ հանքաքար, որի վերամշակման արդյունքում սպասվում է ստանալ 1100 կգ ոսկի, որի դիմաց կվճարվի մոտ 222.7 մլն դրամի չափով բնօգտագործման վճար, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված հարկեր եւ տուրքեր: Բացի այդ, կապահովի նաեւ ՀՆԱ-ի աճ»:

Ահա այդ հիմնավորումից եւս մի սրտաճմլիկ նախադասություն. «Հանքավայրի շահագործումը կնպաստի նաեւ Կոտայքի մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, բարձր վարձատրվող շուրջ 300-450 աշխատատեղերի ստեղծմանը եւ կմեղմացվի Կոտայքի մարզի Մեղրաձոր եւ դրան հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը»:

Հայաստանի տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտում որեւէ բան չի կարող փոխվել, քանի դեռ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, քանի դեռ կառավարության որոշումներում հանրային գերակա շահը օգտագործվում է պատգամավորների կամ այլ պաշտոնյաների բիզնեսի բարգավաճման համար:

Ոչ ոք Հովիկ Աբրահամյանին չի արգելում բիզնեսով զբաղվել, նրա բիզնես ոլորտներն անթիվ են, ունեցած ձեռնարկությունները` բազմազան, թող գնա եւ զբաղվի, բայց թող հեռանա ԱԺ-ից:

Տիգրան Արզաքանցյանը մեկ տասնյակից ավելի հանքային լիցենզիաներ ունի, կոնյակի գործարան` Ֆրանսիայում, այլ ձեռնարկություններ եւ իր ժամանակի մեծ մասն էլ անցկացնում է Ֆրանսիայում: Մոսկվայում հայտնի ծեծկռտուքներից հետո Արզաքանցյանն այդ քաղաք գրեթե չի գնում: Անհասկանալի է, թե նրա ինչին է պետք պատգամավորի մանդատը, ի վերջո, բիզնես կարող է անել` վճարելով ում պետք է: Մնում է մտածել, որ նա ցանկանում է «փախցնել» նաեւ հարկատուների փողերը: «Կողքից եկած փող է, չի խանգարի»,- երեւի մտածում է գործարար պատգամավորը: