Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ԵՐԿԻՐ-ը տեղեկացավ, որ մի խումբ արմավիրցի ընտրողներ, ի նշան բողոքի, փակել են Արմավիր-Երեւան ավտոճանապարհը:
«Մեռած մարդիկ են ընտրել, արտասահմանում գտնվող մարդիկ, ցուցակներում չգրանցված մարդիկ»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանին սատարող արմավիրցիներից մեկը` հավելելով, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ նաեւ ընտրակաշառք է բաժանվել, իսկ մարդիկ, ովքեր բռնել են ընտրակաշառք բաժանողներին, այժմ գտնվում են ոստիկանությունում:
«Կաշառք բաժանողներին բաց են թողել, բաժին տանող մարդուն ձերբակալել են` երեկվանից մինչեւ էսօր բաց չեն թողնում,- ասաց նա:- Մենք փակել ենք Արմավիր-Երեւան ճանապարհը, որ նախ` մեր ընկերոջը բաց թողնեն, եւ որ արդար ընտրություններ լինեն»:
ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովը դիմում է ստացել վերահաշվարկի վերաբերյալ: Աշխատանքները, սակայն, կսկսվեն վաղվանից, քանի որ «անքուն գիշերվանից հետո ԿԸՀ աշխատակիցներն էլ են ուզում հանգստանալ»:
Նշենք, որ երեկ` մարտի 20-ին, Արմավիր քաղաքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցել է 14164 քաղաքացի: Այս պահի դրությամբ, ըստ ԿԸՀ վերջին տվյալների, գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի օգտին գրանցվել է 6849, Սեւակ Մինասյանի օգտին` 5811, Առնակ Գեւորգյանի օգտին` 710 եւ Կարեն Վարդանյանի օգտին` 330 քվե: