Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երիտասարդ երգահան Վահրամ Պետրոսյանը տարածել է հաղորդագրություն, որում ներողություն է խնդրում բոլորից, ում զգացմունքները վիրավորել է:
«Առաջին հերթին, ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում զգացմունքներն ակամայից վիրավորել եմ: Ասուլիսի ընթացքում բացառապես քննարկվում էին երաժշտարվեստի խնդիրները, որի քաղաքականացումն անընդունելի է: Շատ եմ ցավում, որ անբարեխիղճ մոնտաժի արդյունքում իմ անունը շրջանառվեց հարևան երկրի հակահայկական քարոզչության մեջ, իսկ մեզ մոտ դարձավ հրապարակային զանազան մեղադրանքների թիրախ: Հասկանում եմ, որ որոշ անզգույշ արտահայտություններ ցավ են պատճառել բազմաթիվ մարդկանց, որոնց թվում են նաեւ Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը վերապրած մարդիկ: Այս հայտարարությամբ ես հատուկ հայցում եմ նրանց ներողամտությունը:
Հասկանում եմ, որ իմ որոշ արտահայտություններ տեղին չէին, հատկապես` այս օրերին, երբ մենք ոգեկոչում ենք Ադրբեջանում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը: Ես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտքը և ծառայել Հայոց բանակում: Վստահեցնում եմ բոլորին՝ եթե անհրաժեշտություն լինի, ես առաջիններից մեկը կամավոր կմեկնեմ մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Սրանով խնդրում եմ թեման համարել սպառված և դադարեցնել այդ պատուհաս դարձած ասուլիսի շուրջ քննարկումները»,- նշել է Վահրամ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ վերջինս արել էր նման արտահայտություններ. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, նշանակում է, որ իմ էության մեջ կա ադրբեջանական երաժշտություն», «Ես շատ եմ ուզում, որ մեր երգերի մեջ լինեն թուրքական էլեմենտներ», «Չեմ ուզում արդարանալ, թե իմ երգերում չկան թուրքական լադեր, որովհետեւ շատ հնարավոր է, որ կան։ Ես շատ եմ ուզում, որ լինեն թուրքական էլեմենտներ, եւ շատ ուրիշ ազգերի նույնպես»: