Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր` 2011 թվականն իր հետ բերեց սննդամթերքի գների բարձրացում: Այս շաբաթ հերթը հասավ կաթնամթերքին:
Կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը` «Մարիաննան», բարձրացրել է իր արտադրանքի գները: Բնականաբար, հետաքրքվեցինք, թե ի՞նչն է պատճառը: Մոտ չորս ժամ տեւած ապարդյուն փորձերից հետո վերջապես կապ հաստատեցինք ընկերության պատասխանատուներից մեկի հետ, ով մեր հարցին, թե ինչո՞ւ են բարձրացրել կաթնամթերքի գները, զայրացած պատասխանեց. «Մի՞թե տեղյակ չեք, որ բարձրացել են գազի, կարագի, բնական կաթի, փաթեթավորման գները, եւ առհասարակ, շուկայում թանկացումներ են»:
Իսկ թե ինչո՞ւ է միայն «Մարիաննան» «արձագանքում» այդ թանկացումներին, նույն աշխատակիցը նույն զայրացած տոնով պատասխանեց, որ իրենք պատասխանատու են միայն իրենց կազմակերպության համար, որ ամիսներ շարունակ աշխատել են վնասով, որ գիտակցում են` թանկացման պատճառով կկորցնեն որոշակի շուկա, սակայն թանկացում չանելու դեպքում կկորցնեին հիմնարկը:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում մեզ տեղեկացրին, որ «Մարիաննա»-ի արտադրանքի գների բարձրացման մասին տեղեկացել են մամուլից, հետո հանձնաժողովի մոնիտորինգը պարզել է, որ վաճառակետերում ընկերության արտադրանքն իսկապես թանկացել է: Այս պահին հանձնաժողովի մասնագետները փորձում են պարզել թանկացման պատճառները:
Քանի որ մեր երկրում յուրաքանչյուր վատ օրինակ վարակիչ է, կարելի է սպասել, որ «Մարիաննա»-ի օրինակին կհետեւեն կաթնամթերք արտադրող մյուս խոշոր ընկերությունները: Այդ հարցով դիմեցինք «Անի», «Չանախ» եւ «Աշտարակ» ընկերություններին. երեքն էլ վստահեցրին, որ ներկայումս կամ մոտ ապագայում կաթնամթերքի թանկացումներ չեն սպասվում: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե «ներկայումս» կամ «մոտ ապագայում» ասելով, ընկերություններն ինչ ժամանակահատված են հասկանում: