կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-08 23:10
Հասարակություն

Ձմեռ պապն էլ թանկացավ

Ձմեռ պապն էլ թանկացավ

Քայլում ես փողոցով` մեկ էլ անակնկալ. հեքիաթից հայտնված Ձմեռ պապը երեխային է նվիրում մի նվեր եւ սպասում, բնականաբար, նվերի գումարը վճարելուն:

 

«Սենց էլ բան կլինի՞. նվերն էլ նվեր լինի. 500 դրամանոց նվերը 1500-ով են տալիս: Դե, արի երեխայիդ բացատրի, որ բալիկս, այս նվերից խանութից քեզ 3 հատ կառնեմ, Ձմեռ պապ էլ չկա»,-ասաց Սիրանուշ Անանյանը, ով Ձմեռ պապ տեսնելով` հեռվից արդեն խոժոր հայացքով նշան էր անում վերջինիս` չմոտենալ իրենց:

 

Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ նկարվելն իրենց լուսանկարչական ֆոտոխցիկով արժե 1500 դրամ` 2010թ. 1000 դրամի փոխարեն, իսկ ձեր ֆոտոխցիկով ` 500 դրամ: Իսկ Ամանորի գիշերվա համար, դեկտեմբերի 28-ի դրությամբ, տուն այցելող ազատ Ձմեռ պապ ու Ձյունանուշ չկար:

 

«Ուզում էի անակնկալ մատուցել փոքրիկներիս` Ձմեռ պապի ու Ձյունանուշի այցելությամբ, բայց վերջիններս կարող էին գալ երեկոյան ժամը 7-11-ն ընկած ժամանակահատվածում` 15-20 րոպե տեւողությամբ այցելության համար վճարելով 20.000-25.000 դրամ: Արդյունքում ես եւ ամուսինս ավելի մատչելի եւ որակյալ նվերով Ձմեռ պապ ու Ձյունանուշ դարձանք»,-ասաց Արմինե Ավետյանը:

 

Հետաքրքիր էր նաեւ հանգամանքը, որ ամանորի գիշերը ժամը 1-ից հետո Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցելության գները հասնում են մինչեւ 80.000 դրամի` այն էլ նախօրոք պայմանավորվածության դեպքում: ՀՀ հրապարակում հայտնվել են Ձմեռ պապիների եւ Ձյունանուշների պարս, որոնց մեջ կա նաեւ «իսկական» Ձմեռ պապ. վերջինիս ձյունաթույր մորուքը բնական է, այդ իսկ պատճառով էլ զարմանալի չէ, որ երեխաներն ավելի շատ վերջինիս մոտ են վազում` «Մամա, մամա, ոնց որ իսկական Ձմեռ պապ լինի» աղաղակելով: