կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 05:00
Քաղաքական

"Կարմիր քարտ" է ցույց տալու

"Կարմիր քարտ" է ցույց տալու

«Մեր դեմ մեծ արշավ է սկսվել` թե' ընդդիմության, թե' իշխանության կողմից: Մեզ վարկաբեկող թռուցիկներ են բաժանում, չգիտես` ինչու: Ինչո՞ւ են իրենք ընկճախտի մեջ»,- ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօր  կուսակցության կազմակերպած համաժողովի ժամանակ:

 

Նրա խոսքերով` իրենք չեն միանում ՀԱԿ-ին, բայց պայքարում են իշխանությունների դեմ: Կարապետյանի խոսքերով` ՀԱԿ-ը առաջնորդվում է «եթե մեզ հետ չեն, մեր դեմ են» կարգախոսով, որը ժողովրդին միավորել չի կարող:

 

Նա նշեց, որ պետության անկախացումից հետո քաղաքական դաշտում շարունակ նույն մարդիկ են, իշխանավորները պարբերաբար հերթափոխում են միմյանց: Եվ այդ կոշտ ու բիրտ իշխանությունները չեն ստեղծել սոցիալական պետություն եւ չեն թողնում մարդկանց արժանապատիվ կյանքով ապրել:

 

«Եթե մեր պահանջները չկատարվեն մինչեւ ամսի 28-ը, մենք գործող իշխանավորին ցույց կտանք «կարմիր քարտ»: Կասենք` ոչ: Ձեզ պիտի ասեմ, որ այնքան կռռացին, որ ճանապարհները փակել են. այսօր մեր ընկերները չկարողացան գալ Դվինից, Արտաշատից, Մասիսից...»,- ասաց Տ. Կարապետյանը:

 

Համաժողովին ներկա էր մոտ 500 մարդ, սակայն Տ. Կարապետյանն ընդգծեց, որ հանրահավաքն իր հզորությունը փետրվարի 28-ին է ցույց տալու:

 

«Եկել ենք, որ մի ճշմարիտ խոսք լսենք: Ես կայարանցի եմ, 80 տարեկան եմ, մայրական կողմից էլ` վարդապետի թոռ: Տիգրան Կարապետյանին ես հարգում եմ` իր ճշմարտության համար: Կգա ժամանակը` անպայման ամեն ինչ կհարթվի: Ջուրը մինչեւ չի պղտորվում, չի զուլալվում: Ես համոզված եմ, որ ինքն Աստծո կողմից ընտրված է»,- ասաց համաժողովին մասնակցող Վարդգես Գալստյանը:

 

Թեեւ հավաքվածների մեծամասնությունը ծերեր էին, սակայն կային նաեւ երիտասարդներ: Վահե Միշիկյանն ու  Արմեն Գրիգորյանը Արարատից էին եկել, իրենց խոսքերով` Տ. Կարապետյանին սատարելու համար: Հավատում են, որ եթե երիտասարդությունը ոտքի կանգնի, ապա կկարողանա շատ բան փոխել, բայց շատերն ամաչում են:

 

Համաժողովին ներկայացել էին նաեւ ՀԱԿ-ի մոլեռանդ անդամներից մի քանի կանայք, ովքեր ՀԱԿ-ի թերթերն էին բաժանում հավաքվածներին ու չարախոսում Տ. Կարապետյանի հասցեին, թե նա «դրածո է իշխանությունների կողմից», «Արթուր Բաղդասարյան 2-ն է» եւ այլն:

 

Նույնիսկ վիճաբանություն եղավ, երբ ՀԱԿ-ի ներկայացուցիչը հեգնանքով նետեց, թե «ջեբկիր Տիկոյի միտինգին ե՞ք եկել»