2010 թվականը Արցախում նույնպես գյուղատնտեսության համար անկումային տարի էր. տարեվերջին խոստովանեցին ոլորտի պատասխանատուները` որպես հիմնական պատճառ նշելով եղանակային պայմանները: Ոլորտը վերջին տարիներին չէր փայլում իր առաջընթացով, չնայած տարեցտարի ուղղվող գումարներն ավելանում էին, տարբեր ծրագրեր էին իրականացվում, հողօգտագործողների շրջանում քարոզչական աշխատանքներ են տարվում: Այս տարի պետբյուջեով ոլորտի համար նախատեսված գումարները նույնպես քիչ չեն. 2 մլրդ 800 հազար դրամ: Կարծիք կա, թե ամեն դեպքում այս տարի գյուղատնտեսությունում աճ կարձանագրի:
Կարելի է ասել, որ ոլորտի վերջին տարիների անհաջողությունների պատճառներից մեկն էլ բացահայտել են ԼՂՀ վերահսկիչ պալատի մասնագետները, ովքեր ստուգումներ են անցկացրել գյուղնախարարությունում եւ գյուղի աջակցության հիմնադրամում: Վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերաբերյալ վերհսկվող օբյեկտները առարկություններ չեն ներկայացրել ՎՊ խորհրդին, որի նիստի ժամանակ գյուղնախարարն ու հիմնադրամի նախագահը հնչեցրել են միայն պարզաբանումներ:
Սա նշանակում է, որ հանրապետության առաջնային համարվող ոլորտում թերանում են ոչ միայն հողօգտագործողները, այլ նաեւ ծրագրի պատասխանատուները, ինչն էլ, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում, եւ անկումն էլ դառնում է անխուսափելի