Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ աշխատանքային խորհրդակցության ժամանակ մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման խնդիրները: Թե կոնկրետ որ օջախների հարցերն են քննարկվել` նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից չեն տեղեկացրել, բայց այդ օջախների շարքում հաստատ պետք է հայտնվի նաեւ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, որի շենքային պայմանների անմխիթար վիճակի մասին տարիներ շարունակ խոսում են, սակայն դեռեւս ոչինչ չի փոխվում:
Տարիներ առաջ մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հակոբյանը նույնիսկ կարեւորել էր թատրոնի վերանորոգման համար մարաթոնի անցկացումը, սակայն դա էլ է մնացել որպես հայտարարություն:
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը վերջին տարիների փաստորեն համարյա անգործության է մատնված. ներկայացումներ շատ քիչ են լինում` լավագույն դեպքում մի քանի ամիսը մեկ: Պատճառը սովոր են նշել շենքային պայմանների վատթար վիճակը, սակայն բոլորին էլ հայտնի է, որ կան նաեւ կադրային եւ այլ խնդիրներ:
Նշված հարցին օրերս անդրադարձել է նաեւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը` “Ազատ Արցախ” թերթին տված հարցազրույցում, նշելով, որ նպատակ ունեին 2010-ին սկսել շենքի վերականգնման ծրագիրը, սակայն տնտեսական ճգնաժամը մի կողմից խանգարեց, մյուս կողմից էլ` նախարարության ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հստակ պատկերացում չկա, թե ինչ պետք է արվի: Շենքի քանդման եւ նորի կառուցման նախագիծ կա, տեղեկացրեց նախարարը, սակայն դա վերջնական որոշում չէ:
Թատրոնի շենքի հարեւանությամբ կառուցվում է մշակութաժամանցային համալիր, որին զուգահեռ, ըստ Նարինե Աղաբալյանի, պետք է ավարտվի թատրոնի շենքի մասով ծրագրի իրագործումը: “Խնդիրը կլուծվի պետական մակարդակով: Միջոցներ են որոնվում: Ստեղծագործական առումով եւս թատրոնում ճգնաժամ է. սերնդափոխությունը խախտված է, թատրոնը լիարժեք չի գործում: Նախարարությունը թատրոնի մասով պատրաստում է հայեցակարգ, որը 2011-ի առաջին եռամսյակում պետք է ներկայացվի կառավարությանը”,-նշել է նախարարը: