կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 06:09
Հասարակություն

Տոնական միջոցառումների մեկնարկը` դեկտեմբերի 27-ից

Տոնական միջոցառումների մեկնարկը` դեկտեմբերի 27-ից

Դեկտեմբերի 27-ից 29-ը Երեւանի վարչական բոլոր շրջաններում կմեկնարկեն Ամանորի տոնական միջոցառումները: Հեքիաթների հերոսների մասնակցությամբ` տոնական համերգը Հանրապետության հրապարակում կսկսվի դեկտեմբերի 31-ին, ժամը` 13-ից։ Կկազմակերպվեն մանկական խաղեր, մրցույթներ եւ վիկտորինաներ։ Երեկոյան զվարճանքը կսկսվի ժամը 23-ից` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը Նոր տարվա զանգերի ղողանջներով կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր։

 

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժամը` 18-ից 22-ը DJ-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

 

Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժամը 15-ից 18-ն այստեղ կանցկացվեն համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչեւ հունվարի 6-ը:

 

Այս տարի հագեցած կլինեն նաեւ միջոցառումները սահադաշտի վերածված Կարապի լճում: Այստեղ դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի ցուցադրական ելույթներ` Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ։ Այստեղ  կանցկացվի նաեւ հոկեյի մրցաշար: Տոնական բոլոր միջոցառումներին կմասնակցեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

 

Արդեն ավարտվել են մայրաքաղաքի տոնական ձեւավորման եւ գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի ունի 31 մետր բարձրություն: Այն զարդարվել է 72 աստղիկներով եւ 4000 երփներանգ խաղալիքներով: Տոնածառը զարդարում են նաեւ 32000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղեւնու բնական 6000 ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատումից հետո:

 

Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, 2010-ի դեկտեմբերի 31-ին Երեւանի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտը կաշխատի մինչեւ հունվարի 1-ի ժամը 1-ը: Հունվարի 1-ից մինչեւ 9-ը ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24-ին: Հունվարի 10-ից տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով: