կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 05:33
Աշխարհ

Չինաստանի վերջին ճիգերը

Չինաստանի վերջին ճիգերը

Վաղը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվելու է խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Չինաստանը մինչև վերջին օրը ամեն ձև փորձում է խափանել այս արարողությունը:

 

Բացի այն, որ մրցանակին արժանացած Լիու Քսիաոբոն բանտարկված է,  կառավարությունը նրա ազգականներին արգելել է երկրից դուրս գալ և ստանալ մրցանակը և հրավիրված երկրների դեսպաններին կոչ է արել չմասնակցել արարողությանը, չինական կառավարությունը արարողության նախօրեին ավելի է խստացրել իր հսկողությունը:

 

Չինական ռեստորաններին զգուշացվել է ուրբաթ օրը մեծ խմբեր չընդունել, հայտնի ակտիվիստները տնային կալանքի տակ են, մի քանի իրավաբաններ, գրողներ և ակադեմիկոսներ օդանավակայաններում կանգնեցվել են ինքնաթիռ բարձրանալուց առաջ, իսկ այսօր էլ արտասահմանյան որոշ վեբ-կայքեր և հեռուստատեսություններ արգելափակվել են:

 

Չինաստանի առաջատար տնտեսագետ Մաո Յուշիին օդանավակայանում արգելել են ինքնաթիռ բարձրանալ, նույնիսկ երբ նա բացատրել է, որ մեկնում է Սինգապուր և Նորվեգիայի վիզա չունի:  «Այսպես վարվելը սխալ է, և այս քայլով կառավարությունն իրականում կորցնում է իր դեմքը»,- ասել է Մաոն: «Ես ծափահարում եմ Լիուի մրցանակին: Այս միջադեպը ապացուցում է, թե ինչու զարմանալի չէ, որ Լիուն ստացել է այդ մրցանակը»:

 

Մինչ այսօր Չինաստանը նշել է 18 այլ երկրներ, որոնք նույնպես չեն մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը՝ նրանց թվում Կուբան, Վիետնամը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ֆիլիպինները, Ուկրաինան, Եգիպտոսը և այլք: