կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-09 07:38
Քաղաքական

Քաղաքապետի հրաժարականը` մանր փոփոխությո՞ւն

Քաղաքապետի հրաժարականը` մանր փոփոխությո՞ւն

Գագիկ Բեգլարյանի Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ ԵՐԿԻՐ-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ հայաստանյան քաղաքական կուսակցություններից:

 

ԱԺ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ երկու օր է` չի կարողանում հետեւել մամուլի հրապարակումներին եւ քիչ առաջ է հպանցիկ կերպով լսել դեպքի մասին: Նա կարծում է, որ Գ. Բեգլարյանի այս որոշումը լուրջ հիմքեր պետք է որ ունենա, քանի որ «մեր երկրում այդքան էլ հեշտ չեն հրաժարականի դիմում գրում» եւ եթե բանը հասել է նախագահական, ապա պիտի որ «ավելի լուրջ ռազբորկաներ եղած լինեն»:

 

ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ նման բան վաղուց պետք է արվեր լկտիացած չինովնիկների հանդեպ, եւ պետք է նույն կերպ վարվել մյուսների հետ: Նա հիշեցրեց նաեւ, որ ՀՀԿ-ն իր ողջ ներուժով պաշտպանում էր  Գագիկ Բեգլարյանին` քաղաքապետի ընտրությունների ժամանակ եւ ՀՀԿ-ին բնորոշ է նման մարդկանց պաշտպանելու վարքագիծը: Իսկ առհասարակ, Վ. Կարապետյանի խոսքերով, Գ. Բեգլարյանի հրաժարականը մանր փոփոխությունն է: 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց հրաժարականի մասով որեւէ մեկնաբանություն տալ: Ասաց, որ Սերժ Սարգսյանն իր կարճ խոսքում արդեն իսկ ամեն ինչ մեկնաբանել է եւ, ի վերջո, սա Հայաստանի հանրապետական կուսակցության խնդիրն է:

 

ԵՐԿԻՐ-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀՀԿ անդամներ Գալուստ Սահակյանից եւ Էդուարդ Շարմազանովից, սակայն «բաժանորդներն անհասանելի էին»:

 

Հանրապետական կուսակցության շենքի մոտ հավաքված ավտոմեքենաների եւ ոստիկանների  քանակությունից կարելի է ենթադրել, որ ներսում  լուրջ խորհրդակցություն է` ՀՀ Նախագահի ներկայությամբ: