Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.ՊԵՏՐՈՍՅԱՆ
Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի այսօր՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսով: Այն կազմակերպվել է Աշխարհի հայ նկարիչների միավորումը՝ «մեկ աշխատանքի» սկզբունքով:
«Նախատեսում ենք ամեն տարի դեկտեմբերին «մեկ աշխատանք» սկզբունքով հանրությանը ներկայացնել տվյալ տարվա ամենակարևորված հոբելյանին նվիրված ցուցահանդես: Այդ սկզբունքը, որ նոր չէ, հարկ է կրկին ավանդույթ դարծնել Հայաստանում, քանի որ հիմք է դառնում նոր գործերի ստեղծման»,- տեղեկացրեց Աշխարհի հայ նկարիչների միավորման համանախագահ Ղազար Միրզոյանը:
Մասնակցության 450 հայտերից ընտրված 84-ն են տեղ գտել ցուցադրությունում: Մեծածավալ ցուցահանդեսում միայն մի քանի աշխատանք է նվիրված հենց Տիգրան Մեծին: Ցուցահանդեսում Հայոց Արքան ներկայացված է նաև պատկերային փոխաբերությամբ. Հարություն Հարությունյանի «Երկար ճանապարհի լուսատուն» կտավում Տիգրան Մեծը ներկայացված է որպես լույս:
Ցուցահանդեսում առանձին տեղ է զբաղեցնում Արցախի Տիգրանակերտից պեղված գտածոների փոքր հավաքածուն:
Ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ մեծանուն գիտնականների հոդվածները ներառող 450 էջանոց «Տիգրան Մեծ» գրքի շնորհանդեսը:
«Գիրքի տպաքանակն ընդամենը 1000 օրինակ է և միայն այդ պատճառով այն չի հայտնվի հանրային վաճառքում: Իսկ նման փոքր տպաքանակը բացատրվում է հովանավորների իրենց խոսքին մինչև վերջ տեր չլինելով»,- նշեց Ղազար Միրզոյանը:
Ցուցահանդեսի ավարտին, որ կլինի 15 օր անց, կազմակերպչի խոսքով, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմում կներկայացվի Աշխարհի հայ նկարիչների միավորման «Վարդգես Սուրենյանց» մեդալը և կշնորհվի հատուկ հանծնաժողովի որոշմամբ ցուցահանդեսում լավագույնը ճանաչված գործի հեղինակին:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: