կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-16 15:21
Քաղաքական

Ադրբեջանցիներն արդյունքի չեն հասել նաեւ Լոնդոնում

Ադրբեջանցիներն արդյունքի չեն հասել նաեւ Լոնդոնում
Արդեն անցյալում են ադրբեջանցիների մշտական ջանքերի դրական արդյունքները` կապված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին ԼՂՀ մասնակցությանը խոչընդոտելու հետ կապված: Հերթական փորձը նոյեմբերի 8-11-ին էր` Լոնդոնում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ էլ արդյունք չտվեցին ադրբեջանցիների բազմաթիվ բողոքներն ու նամակները` ուղղված եւ ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ Բրիտանիայի թուրքական համայնքի պատասխանատուներին: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա տեղեկացմամբ`Արցախն այս անգամ նույնպես մասնակցել է առանձին տաղավարով, ինչն ավելի է զայրացրել ադրբեջանցիներին: Ցուցահանդեսը լուսաբանող բրիտանական լրատվամիջոցներն էլ իրենց հերթին են օգնել այդ գործին` հրապարակումներում նշելով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն անվանումը: Ինչեւէ, ցուցահանդեսը կայացել է, ԼՂՀ-ն մասնակցել է: Ավելին` Արցախի զբոսաշրջության վարչության պետը նաեւ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների զբոսաշրջության նախարարների հետ, որոնց արդյունքում ձեռք են բերվել նաեւ պայմանավորվածություններ: Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ` պայամանվորվածությունների համաձայն եկող տարվա սկզբներին փորձի փոխանակման նպատակով արտերկրներ են մեկնելու ոլորտի մեր մասնագետները: «Այս ծրագրով փորձի փոխանակումը կկատարվի հիմնականում գյուղական զբոսաշրջության զարգացման մասով: Գյուղական համայնքներում ավանդական տների վերանորոգման եւ զբոսաշրջային տնակների զարգացման փորձի պակաս կա Ղարաբաղում: Այսօր մեզ մոտ կա զբոսաշրջային 4 տնակ, որը չի բավարարում պահանջարկին: Այդ բացը լրացնելու նպատակով էլ մեր մասնագետները կմեկնեն արտասահման»,-տեղեկացրել է վարչության պետը: Նրա փոխանցմամբ` լոնդոնյան ցուցահանդեսի մասնակցությունն ապահովվել է պետական միջոցների հաշվին, իսկ համտեսելու համար գինիները տրամադրել է «Արցախ Ալկո» ընկերությունը: