կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 16:28
Հասարակություն

Հայկական եկեղեցուց մինչև ռազմական շտաբ, շտաբից՝ հետազոտական ինստիտուտ․ Այնթափի լռեցված պատմությունը

Հայկական եկեղեցուց մինչև ռազմական շտաբ, շտաբից՝ հետազոտական ինստիտուտ․ Այնթափի լռեցված պատմությունը

1898 թ․ Գազիանթեփում (Այնթափ- խմբ․՝ «Ակունքի») կառուցված Քենդիրլի եկեղեցին ուշադրություն է գրավում իր 128-ամյա պատմության ընթացքում պաշտամունքի վայրից պատերազմական խրամատի, համայնքային կենտրոնից էլ գիտական ​​կենտրոնի վերածված լինելու փաստով։ Այսօր պատմական շենքը ծառայում է որպես Թուրքիայի հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտ։

Գազիանթեպի կենտրոնում գտնվող Քենդիրլի եկեղեցին քաղաքի նշանավոր կառույցներից մեկն է, որի պատմությունը սկիզբ է առնում 1898 թվից: Կառուցվելով որպես լատինական կաթոլիկ եկեղեցի օսմանյան ժամանակաշրջանում՝ շենքը տարիների ընթացքում ականատես է եղել պատերազմների, ինչպես նաև՝ կրթական և մշակութային գործունեության: Այսօր այն օգտագործվում է որպես գիտական ​​հետազոտությունների կենտրոն:

Քենդիրլի եկեղեցու կառուցման գործընթացը սկսվել է 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ֆրանսիացի կաթոլիկ միսիոներների և տեղական համայնքի նախաձեռնությամբ (նկատի ունի տեղի հայ համայնքին-Ակունքի խմբ․):

Վատիկանի կողմից հաստատված ճարտարապետական ​​նախագշի համաձայն՝ այն կառուցվել է Հռոմի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու օրինակով: Կառուցումն ավարտվել է 1898 թվականին։ Շենքը համատեղում է եվրոպական ճարտարապետության հետքերը Գազիանթեփի ավանդական քարագործության հետ:

Շենքի ստորին հատվածում օգտագործվել է սև բազալտ, իսկ վերին հատվածում՝ բաց գույնի քեյմիհ քար, որը յուրահատուկ է տարածաշրջանին: Կարմիր և սպիտակ քարերով սալարկված հատակը, բարձր առաստաղները և որմնանկարները շենքի ակնբախ առանձնահատկություններից են:

Այն դարձել է Աթաթուրքի այցելած պատմական վայրերից մեկը

Քենդիրլի եկեղեցին, որը Հանրապետության շրջանում դադարել էր լինել պաշտամունքի վայր, 1930-ական թվականներին ծառայել է որպես Գազիանթեփի համայնքային կենտրոն։

Այստեղ անցկացվել են թատերական ներկայացումներ, համերգներ և Հանրապետության պարահանդեսներ։ Այս պատմական շենքը այն վայրերից մեկն էր, որտեղ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հանդիպել է քաղաքային վարչակազմի հետ 1933 թ․ Գազիանթեփ կատարած իր այցի ժամանակ։ Հետագա տարիներին շենքն օգտագործվել է որպես ուսուցչաց դպրոց, տարբեր հանրային հաստատություններ և զբոսաշրջության մասնագիտական ​​ավագ դպրոց։

Վերականգնման ընթացքում հայտնաբերվել են պատմական որմնանկարներ

Քենդիրլի եկեղեցին, որը տարիների ընթացքում օգտագործվել է տարբեր նպատակներով, վերակազմակերպվել է վերականգնողական աշխատանքների միջոցով։

Հետագայում հեռացվել են երկաթբետոնե հատվածները և սվաղի շերտերը։ Աշխատանքների ընթացքում կրկին ի հայտ են եկել պատմական որմնանկարները և քարե մակերեսները։ Կառույցի ճարտարապետական ​​առանձնահատկությունները պահպանելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պատմական շենքը պատրաստվել է իր նոր շահագործմանը։

Եկեղեցուց՝ հնագիտության և գիտական ​​կենտրոն

Այսօր Քենդիրլի եկեղեցին գործում է որպես Թուրքիայի հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտ։ Պատմական շենքում տեղակայված են հնագիտական ​​լաբորատորիա, գրադարան, ցուցասրահներ և հետազոտական ​​​​միավորներ։ Այսպիսով, շենքը, որը նախկինում օգտագործվել է պաշտամունքի և կրթության համար, վերածվել է հնագիտական ​​հետազոտությունների կենտրոնի։

Այն կրում է Գազիանթեպի 128-ամյա հիշողությունը

1898 թ․ կառուցված Քենդիրլի եկեղեցին տարբեր դերեր է խաղացել օսմանյան դարաշրջանի վերջից մինչև Հանրապետություն ընկած ժամանակահատվածում։

Պատմական շենքը, որն օգտագործվել է որպես համայնքային կենտրոն և դպրոց, այսօր էլ ծառայում է մշակութային ժառանգության պահպանմանը։ Քենդիրլի եկեղեցին՝ իր ճարտարապետությամբ և կրած վերափոխումներով, շարունակում է լինել Գազիանթեպի բազմամշակութային անցյալի կարևոր հետքերից մեկը։

https://telgraf.net/foto/28961913/gaziantepte-128-yillik-sir-kiliseydi-karargah-oldu-simdi-bambaska-bir-gorevi-var

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net