|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության երեկվա դռնփակ նիստի առանցքային թեմաներից մեկը եղել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Մեր տեղեկություններով՝ քննարկմանը հրավիրվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների ընթացքը, նախագծի շուրջ քննարկվող դրույթները և առաջիկա անելիքները։
ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական կուսակցության ներսում փորձել են հստակեցնել, թե նախագծի որ դրույթներն են արդեն վերջնական տեսքի բերվել, ինչ հարցեր դեռ քննարկման փուլում են, և երբ հնարավոր կլինի փաստաթուղթը ներկայացնել հանրությանը։
Ի դեպ, տեղեկացանք, որ վարչության նիստին ներկա չի եղել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Հատկանշական է, որ խոսքը միայն գործող Սահմանադրության առանձին հոդվածների փոփոխության մասին չէ։ Իշխանությունը քննարկում է նոր Սահմանադրության տեքստ, որը, ըստ արդարադատության նախարարի՝ դեռ մարտին արած հայտարարության, նախատեսված է գործող Սահմանադրությանը փոխարինելու և հանրաքվեի միջոցով ընդունվելու համար։
Թեև նախագծի բոլոր դրույթները դեռևս անհրաժեշտ է գնահատել դրա ամբողջական պաշտոնական տեքստի հիման վրա, Սրբուհի Գալյանն արդեն հրապարակայնորեն ներկայացրել է նախատեսվող մի քանի առանցքային ուղղություն։
Նախարարի ներկայացմամբ՝ նախագծի նպատակը իշխանության ճյուղերի ապակենտրոնացումն ու դրանց միջև հավասարակշռության ամրապնդումն է։ Մասնավորապես, քննարկվել են Ազգային ժողովի վերահսկողական հնարավորությունների ընդլայնման մեխանիզմները, այդ թվում՝ վարչապետի գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հարցը։
Սա սկզբունքային հարց է, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրական ազդեցությունը կախված է լինելու ոչ միայն ձևակերպումներից, այլև այն բանից, թե գործնականում ինչ լիազորություններ կունենան պետական կառավարման մարմինները։
Սրբուհի Գալյանի հրապարակային ներկայացմամբ՝ նախագծում նախատեսվում է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորություն։ Խոսվել է նաև դատական գործերի երկաստիճան բողոքարկման, գրավոր քննության և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունների մասին։
Այս դրույթների վերջնական ձևակերպումները կարևոր են լինելու՝ հասկանալու համար, թե դրանք ինչպիսի նոր իրավունքներ և ընթացակարգեր են նախատեսում քաղաքացիների համար։
Նախագծի ընդհանուր տրամաբանության վերաբերյալ նախարարի հայտարարություններից հետևում է, որ իշխանությունը ցանկանում է վերանայել պետական կառավարման որոշ մեխանիզմներ՝ պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը։ Սակայն կոնկրետ հոդվածների բովանդակությունը, լիազորությունների փոփոխության չափը և դրանց հնարավոր հետևանքները պետք է գնահատել պաշտոնական նախագծի հրապարակումից հետո։
Գլխավոր հարցը մնում է բաց․ իշխանությունը ե՞րբ կներկայացնի նոր Սահմանադրության ամբողջական տեքստը, և արդյոք հանրային քննարկումը կսկսվի մինչև դրա շուրջ քաղաքական վերջնական որոշումների կայացումը։
Եվ ամենաառանցքայինը. ՀՀ անկախության հռչակագրին հղումը արդյոք հանվելու է Սահմանադրությունից, թե ոչ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանն է խաղաղության պայմանագրին ընդառաջ պահանջում ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը։ Ահա Գալյանը գնում է ընդառաջ այդ պահանջին»։