կարևոր
442 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-07 21:38
Տնտեսական

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկայից մինչև սոցիալական կայունություն. Դավթյան

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկայից մինչև սոցիալական կայունություն. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է.

«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է՝ դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գինը։ Առայժմ խոսքը հնարավորության մասին է, բայց տնտեսական հետևանքներն արդեն այսօր պետք է հաշվարկել։

Մի քանի թիվ բերեմ։

2026 թ. ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար։

Բելառուսի համար գինը 128,52 դոլար է, Հայաստանի համար՝ 177,5։ Երկուսի դեպքում էլ գինը չի բարձրացել։

Չինաստանի համար այս տարվա միջին գինը գնահատվում է շուրջ 248 դոլար, իսկ Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 դոլար։

Վերջիններիս դեպքում աճը նախորդ տարվա համեմատ մոտ 38% է։ Հայաստանի գնից ավելի քան երեք անգամ բարձր։

Սրանք, իհարկե, տարբեր պայմանագրեր ու մատակարարման պայմաններ են, բայց տարբերության չափը բավական խոսուն է։

Ընդ որում, հենց Ռուսաստանում գազը շարունակում է թանկանալ։ Առաջիկա երեք տարիներին ներքին սպառողների համար նախատեսվում է ևս շուրջ 27% աճ։ Այս պայմաններում Հայաստանի համար պահպանվող գինը քաղաքական հարաբերությունների տնտեսական չափման կարևոր դրսևորում է:

Հիմա՝ մեզ համար ամենակարևորը։

Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի թանկացումը նաև հանգեցնելու է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի աճի։ Այնուհետև՝ ճնշում սակագների, արտադրության, սննդի գների ու ընտանեկան բյուջեների վրա։

Ուստի հարաբերությունները վերանայելուց առաջ պետք է պարզ պատասխան ունենալ՝ արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից։

Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկայից մինչև սոցիալական կայունություն»։