|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Փորձագետ Վանո Կարապետյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որով օրենսդրական առաջարկ է ներկայացրել՝ առաջարկելով բարձրացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։ Առաջարկը ներկայացնում ենք ստորև․
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ՝ ՊԱՐՈՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ՊԱՐՈՆ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ԴԻՄՈՒՄ / ԱՌԱՋԱՐԿ
ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Հարգելի՛ նախարարներ,
Հաշվի առնելով Ձեր ղեկավարած նախարարությունների միջև առկա միջգերատեսչական կապը՝ Ձեզ եմ ներկայացնում ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։
Նախագծով առաջարկում եմ բարձրացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ՝ «Ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին», սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչ չհամարվող մանկավարժական անձնակազմի հաստիքային միավորների նվազագույն գործակիցները։
Գործող իրավակարգավորումների պայմաններում ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների համար սահմանված աշխատավարձի դրույքաչափի գործակիցներն ամբողջությամբ չեն արտացոլում այդ աշխատողների կողմից կատարվող աշխատանքի փաստացի բարդության աստիճանն ու պատասխանատվության չափը, որոնք հստակորեն ամրագրված են ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ։
Նախագծի ընդունման հիմնական նպատակներից է հաշվի առնել այն հանգամանքը, որ նշված խմբի աշխատակիցների մեծ մասի վրա չեն տարածվում ուսուցիչների համար նախատեսված խրախուսական և լրացուցիչ վարձատրության մեխանիզմները, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ առարկաների դասավանդման հավելավճարները, ինչպես նաև «Մինչև 100» և նմանատիպ այլ բազային կամ պայմանական հավելավճարները։
Հետևաբար, քանի որ այս աշխատակիցները զրկված են աշխատավարձի բարձրացման վերը նշված այլընտրանքային հնարավորություններից, նրանց սոցիալական պաշտպանվածության, արժանապատիվ վարձատրության ապահովման և ոլորտից մասնագետների արտահոսքի կանխարգելման միակ արդյունավետ միջոցը նրանց աշխատավարձի հաշվարկային գործակիցների (դրույքաչափերի) ողջամիտ բարձրացումն է, ինչը ամրագրված է իմ կողմից Ձեզ ներկայացված նախագծում։
Մեծարգո՛ վարչապետ,
Խնդրում եմ սահմանված կարգով ուսումնասիրել ներկայացված օրենսդրական առաջարկը և ընդունել այն։
Կից ներկայացվող փաստաթղթեր՝ 1 (մեկ) ֆայլ՝ նախագիծ, հիմնավորում, համեմատական աղյուսակ։
Նախաձեռնության հեղինակ՝ Վանո Կարապետյան
05.10.2026թ.»։