կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-01 20:49
Հասարակություն Քաղաքական

ՀՀ քաղաքացու կյանքի դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով․ ադրբեջանագետ

ՀՀ քաղաքացու կյանքի դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Սյունիք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցելու դեպքի մասին գրել է.

«ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է հայ կնոջ ոտքին։

Նա ձերբակալվել է, և դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս դեպքը պետք է դիտարկել նաև նախորդ նախադեպերի համատեքստում։ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»։

2023 թվականին Ադրբեջանին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Այսօր պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին։

Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»։

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի է մտել և կրակել բնակիչներից մեկին։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը՝ գրելով․ 

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ 

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։  

Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։