Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատախազության գրության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Yerkir.am-ը հայտնում է, որ կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրած զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ ներկայացրած՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։
Սահմանադրագետ, իրավաբան Վարդան Այվազյանը Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց՝ այն դատավորները կամ արդարադատության համակարգի ներկայացուցիչները, որոնք իշխանության ջրաղացին ջուր չեն լցնում, իշխանության կողմից հետապնդվում են։ «Սրանք այդպիսի հերթական գործողություններն են, որ արդարադատության նախարարն անհիմն վարույթներ է հարուցում նույն դատավորների դեմ։ Արման Հովհաննիսյանը իմ ուսանողն է եղել՝ փայլուն, լավագույն ուսանողներից մեկը եւ նաեւ փայլուն մարդկային որակներով, օբյեկտիվության եւ իրավաբանին հարիր հատկանիշներով։ Բադասյան Ռուստամն էլ է իմ ուսանողը եղել, որին բացարձակ չեմ հիշում, որովհետեւ ես հիշում եմ միայն փայլուններին եւ շատ վատերին։ Այսինքն՝ ենթադրվում է՝ միջակից ցածր։ Ընդհանրապես, իրեն որպես ուսանող չեմ հիշում։ Իսկ հիմա նա, երբ որ լավագույնի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում, պատկերացրեք՝ որքանով նա կարող է լինել օբյեկտիվ»։
Վարդան Այվազյանի խոսքով՝ Բարձրագույն դատական խորհրդում չի ստացվել մի շարք դատավորների ու արդարադատության ներկայացուցիչների վրա գործեր կարել, թեեւ իշխանությունը ԲԴԽ նախագահ է նշանակել իր մարդուն՝ Գագիկ Ջհանգիրյանին։ «Հիմա երբ ԲԴԽ կազմը փոխվել է հօգուտ իշխանության, դատավոր Հովհաննիսյանի գործը չգիտեմ՝ ինչ ընթացք կունենա, բայց եթե կարճ ներկայացնենք՝ դա հետապնդում է մեր անաչառ դատավորների նկատմամբ»,- նշում է Վարդան Այվազյանը։
Ըստ սահմանադրագետի՝ հայտնի չէ, թե այս գործի ելքը ինչը կարող է լինել։ «Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամներով է համալրվել։ Բնականաբար, քաղաքական իշխանությունն այդ հույսով է, բայց թե վերջը ինչ է լինելու, իրական պատասխանը կտրվի հունիսի 20-ից հետո»,- նշեց Այվազյանը։