կարևոր
628 դիտում, 51 րոպե առաջ - 2026-09-15 18:09
Քաղաքական Հասարակություն

Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա

Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դեմ սպասվող դատավարությանը։ Հարցը վերաբերում էր նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին արևմտյան կառույցների միջամտության մասին պնդումներին. մասնավորապես հիշատակվել էր ԵԱՀԿ գործող նախագահի և ռուս պրանկերների միջև զրույցի մասին լուրը, որի ընթացքում իբր քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելուն աջակցելու հնարավորությունը։ Ըստ զրուցակցի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն իբրև թե նրա ռուսամետությունն է։

«Սա շատ կարևոր է։ Ուստի կուզեի ևս մեկ անգամ ընդգծել, որ սա իսկապես Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների գործն է», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողն առաջին հերթին վերաբերում է հենց հայերին, նրանց եկեղեցուն, ժողովրդին ու մշակույթին։

«Կարծում եմ՝ խղճիս դեմ չեմ մեղանչի, եթե ասեմ, որ սա հայերի՝ որպես թե՛ իրենց եկեղեցու և թե՛ իրենց ժողովրդի ու մշակույթի ներկայացուցիչների գործն է։ Դա միանշանակ այդպես է», - հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Զախարովան պնդում է, որ այս ամենը հիշեցնում է այնպիսի սցենարներ, որոնք արդեն իսկ կիրառվել են այլ երկրներում։

«Սրանք գործի դրվող կաղապարներ են։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն ոլորտում իրավիճակը ճգնաժամային է։ Տարբեր պետություններ և կառույցներ են անցնում ճգնաժամերի միջով», - նշել է նա։