կարևոր
1066 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-09 09:57
Քաղաքական

Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ. «Ժողովուրդ»

Ծառուկյանի առյուծները խառնել են պետական համակարգը. ներիշխանական բախումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առյուծների առգրավման գործողությունը լուրջ բախումների պատճառ է դարձել Քննչական կոմիտեի, Երևանի կենդանաբանական այգու և ՍԱՏՄ-ի միջև, մինչդեռ կենդանիների տեղափոխման ընթացքում թույլ տրված սխալների հետևանքներն արդեն ողբերգական են եղել. 1 առյուծ սատկեց։ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո հանրային քննարկումները չեն դադարում։

Մի կողմում իրավապահների կողմից 70-ամյա, դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ կիրառված ուժի համաչափության հարցն է, մյուս կողմում՝ նրա առանձնատան տարածքից առգրավված կենդանիների ճակատագիրը, որն օրեցօր ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Առգրավման գործողությունների հետևանքով արդեն արձանագրվել է առնվազն մեկ առյուծի մահ, իսկ մյուս կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական և ամբողջական փաստարկված տեղեկություն մինչ օրս չի հրապարակվել։

Քաղաքապետարանը, հղում անելով կարանտինային ռեժիմին, փաստացի սահմանափակել է լրագրողների մուտքը կենդանիների պահման վայր, ինչի հետևանքով հանրությունը զրկված է սեփական աչքով համոզվելու, թե ինչ վիճակում են այսօր Ծառուկյանի կենդանիները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, առյուծների պատմությունն արդեն վերածվել է միջգերատեսչական լուրջ հակասությունների թեմայի։

Մեր տեղեկություններով՝ կենդանիների առգրավման գործընթացի սկզբնական փուլում Քննչական կոմիտեն դիմել է համապատասխան կառույցներին՝ ապահովելու կենդանիների տեղափոխումն ու հետագա պահպանումը։ Թե դիմումն ինչ ձևաչափով է եղել՝ գրավոր, թե բանավոր, այս պահին հստակ չէ։ Սակայն հենց այստեղ էլ սկսվել են խնդիրները։ Սկզբնական փուլում Երևանի կենդանաբանական այգին, տնօրենի պաշտոնակատար Արմեն տեր Թովմասյանի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել մասնակցելու գործընթացին։

Ավելին, այգուց շտապեցին պաշտոնական հաղորդագրություն տարածել՝ հայտարարելով, թե կենդանիները իրենց առաջարկով տեղափոխվել են կենդանաբանական այգի, և այնտեղ ապրելու են ավելի բարենպաստ պայմաններում։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց առաջին ողբերգական դեպքից հետո, երբ առյուծներից մեկը սատկեց։ Դրանից հետո արդեն կենդանաբանական այգու տնօրինությունը, Երևանի քաղաքապետարանը սկսեցին ոչ հրապարակավ, բայց արդարանալ, թե նախապես Քննչական կոմիտեին տեղեկացրել էր՝ չունի բավարար պայմաններ և տարածք Ծառուկյանի կենդանիներին ընդունելու համար, հետևաբար չի կարող կազմակերպել նրանց տեղափոխումն ու պահպանումը։ Ըստ այդ նույն պարզաբանման՝ գործընթացն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջամտությամբ։

Այսպիսով, պետական երկու կառույցներ փաստացի տարբեր պատասխանատվության շրջանակներ են մատնանշում։ Մինչդեռ հենց ՍԱՏՄ-ն էր այն մարմինը, որը պարտավոր էր վերահսկել կենդանիների անասնաբուժական զննությունը, կարանտինային պայմանների ապահովումը, պահպանման ընթացակարգերն ու կենդանիների առողջական անվտանգության հետ կապված ամբողջ գործընթացը։ Համակարգում, սակայն, հարցադրում են անում՝ արդյոք այդ պարտականությունները պատշաճ իրականացվե՞լ են։ Մասնագետների գնահատմամբ՝ նման խոշոր գիշատիչների տեղափոխման ժամանակ պարտադիր է ապահովել ոչ միայն ճիշտ քնեցման դեղաչափը, այլև կենդանու շնչառության անընդհատ վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում՝ թթվածնային ապահովումը։ Սակայն հրապարակված տեսանյութերում ակնհայտ երևում է, որ տեղափոխվող առյուծների և վագրի բերաններին թթվածնային սարքեր տեսանելի չեն։ Չկան նաև մասնագիտական այլ պաշտպանիչ միջոցներ, որոնք նման գործողությունների ընթացքում սովորաբար կիրառվում են։

Ավելին, ըստ քաղաքապետարանից մեր տեղեկությունների, հենց ՍԱՏՄ-ի մասնագետներն են իրականացրել կենդանիների քնեցման գործընթացը։ Իսկ դրա արդյունքում առնվազն մեկ առյուծ այլևս չի արթնացել։ Ժողովուրդ-ը դիմեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Կիմա Ավդալյանին՝ պարզելու, թե ինչու են ստիպել կենդանաբանական այգում տանել կենդանիներին, եթե այնտեղ չեն ունեցել տեղ Ծառուկյանի առյուծների համար: Ի պատասխան, խոսնակը հայտնեց. «Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշման համաձայն կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել, որից հետո հանձնվել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վարչակազմի պատասխանատու պահպանությանը։

Այն տեղեկությունները, թե իբր Կենդանաբանական այգու պատասխանատուներից մեզ ասել են, որ չունեն բավարար տեղեր կենդանիների տեղափոխման համար, իրականությանը չի համապատասխանում: Նման գրություն կամ խոսակցություն չի եղել: Հորդորում եմ՝ չտարածել նման զավեշտալի տեղեկություններ»:

Այսպիսով, պատասխանատվությունը միմյանց վրա են գցում պետական մարմինները, իսկ արդյունքում մինչ օրս որևէ պաշտոնատար անձ չի ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ինչու մահացավ կենդանին, արդյոք պահպանվել էին բոլոր միջազգային չափորոշիչները, և ով է կրելու պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Քննչական կոմիտեն, Երևանի կենդանաբանական այգին և ՍԱՏՄ-ն տարբեր մեկնաբանություններ են տալիս նույն գործընթացի վերաբերյալ, իսկ ամենակարևոր հարցը՝ կենդանիների ճակատագիրը, մնում է անպատասխան։ Այս պատմությունն ունի նաև քաղաքական ենթատեքստ, որը դժվար է անտեսել։ Դեռ օրեր առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե որևէ մեկը կարողանա ապացուցել իր հասցեին հնչեցրած լրտեսության մեղադրանքները, ինքը կհամաձայնի Հանրապետության հրապարակում գնդակահարվել, իսկ եթե դրանք սուտ են, ապա զրպարտողները պետք է մտնեն իր որձ առյուծի վանդակը:

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ արձագանքել էր. «Վանդակում կնստի հենց Գագիկ Ծառուկյանը, որձն էլ իր հետ կլինի, իսկ տունը կդառնա ծերանոց»։

Այսպիսով, անմեղ կենդանիները դարձան քաղաքական խոսույթի և իշխանական վրեժխնդրության անմեղ զոհ: