Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-15 20:07
Հասարակություն

Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի հոսպիտալացված սաները 8-12 տարեկան են

Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի հոսպիտալացված սաները  8-12 տարեկան են

«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։

Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա։

«Այս պահի դրությամբ 15 երեխա կա՝ 8 տարեկանից մինչև 11-12 տարեկան։ Նրանք ընդունվել են վերջին 2-3 օրերի ընթացքում։ Երեխաների մոտ եղել են փսխումներ, փորացավ և բարձր ջերմություն։ Առաջին երեխան շտապօգնության միջոցով էր տեղափոխվել, հիմա երեխաների վիճակը բավականին լավ է։ Մենք կարծում ենք, որ գործ ունենք բակտերիալ ինֆեկցիայի հետ, բայց ավելի հստակ պատասխան կլինի, երբ լաբորատոր անալիզների արդյունքները պատրաստ լինեն։ Երեխաները 2-3 օրվա ընթացքում տարբեր սննդատեսակներ են օգտագործել, իսկ հետազոտությունները ցույց կտան պատճառը»,- նշել է Տոնոյանը։

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել էին, որ Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։