Միասին կարող ենք
կարևոր
709 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-12 18:24
Հասարակություն

Հայտնաբերվել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիները

Հայտնաբերվել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիները

Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։

Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։

Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։

Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։