|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի ավարտվել. երկիրը շարունակում է պաշտպանական դիրքորոշում պահպանել բոլոր ուղղություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն ԱԳՆ-ին կից Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) հարթակում։
«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտվել է։ Մինչև պատերազմը չավարտվի բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր զգոնության վիճակում և պաշտպանական դիրքորոշում պահպանել տարբեր ճակատներում», - Խաթիբզադեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության նպատակն է «հաղթել ագրեսորին»՝ թույլ չտալով, որ ԱՄՆ-ն հասնի «Իրանի ներսում իր որևէ նպատակի»։
Դիվանագետը հավելել է, որ ներկայում անհրաժեշտ է «կենտրոնանալ այս պատերազմը դադարեցնելու» և դրա «արմատական պատճառները վերացնելու» վրա։
«Եվ մենք կզբաղվենք դրանով, ինչպես և առաջարկել ենք Իսլամաբադում (խմբ.՝ բանակցությունների ժամանակ) և դրանից հետո», - նշել է Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ ամերիկա-իսրայելական նոր հարձակումից հետո Իրանը որոշել է «մեկընդմիշտ» դադարեցնել իր դեմ ագրեսիան։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարողացել «ներել իրանցիներին» 1979 թվականի Իսլամական հեղափոխության համար, որի արդյունքում «նրանց վտարել են Իրանից»։ Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «չկարողացավ հաշտվել Իրանի ներսում տեղի ունեցող փոփոխությունների հետ» և ընդունել «տեղում առկա իրականությունը»՝ շարունակելով «պատժել իրանցի ժողովրդին այս հեղափոխության համար»։
«Եվ այս պատերազմը դարձավ այն պահը, երբ մենք որոշեցինք մեկընդմիշտ վերջ դնել այս անօրինական ճնշմանը, որը նրանք գործադրում են Իրանի վրա», - հայտարարել է նա։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին հաստատվել է երկշաբաթյա հրադադար, որի ժամկետը լրանալուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարեց այն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին, մինչև կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվի։