կարևոր
3919 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-29 18:39
Աշխարհ

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դեռ չեն ավարտվել

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանկային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը դեռ չեն ավարտվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմն արել է հնարավոր ամեն բան՝ լուծելու բանկային ճգնաժամը: Նա հավելել է, որ չնայած դրան՝ Սպիտակ տան քայլերն, ուղղված ճգնաժամի հաղթահարմանը, դեռ չեն ավարտվել:

«Վստահ եմ, որ իրավիճակը կարգավորվում է: Շուկաները, կարծես, արձագանքում են», – լրագրողներին հայտնել է Բայդենը Հյուսիսային Կարոլինա նահանգից Վաշինգտոն վերադառնալուց առաջ:

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ երկրի իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Նա նաև նշել է, որ իր թիմը քննարկում է՝ արդյոք հարկավոր է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ ի պատասխան բանկային ճգնաժամի:

«Ես վստահ չեմ՝ արդյոք օրենքները պետք է փոխվեն, բայց մենք նաև դիտարկում ենք այդ հնարավորությունը», – ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմի քայլերն, ուղղված բանկային հատվածում խնդիրների լուծմանը, «դեռ չեն ավարտվել»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք», – հավելել է նա։

Կալիֆորնիայի ֆինանսական պաշտպանության վարչությունը մարտի 10-ին հայտարարեց Silicon Valley Bank-ի (SVB) սնանկության մասին. այն Միացյալ Նահանգների 16-րդ խոշորագույն բանկն էր, որը սպասարկում էր տեխնոլոգիական և վենչուրային կապիտալի ընկերություններին: Դա ամերիկյան բանկի ամենամեծ սնանկացումն էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր։ Մարտի 12-ին Նյու Յորք նահանգի կարգավորող մարմինը փակեց Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերը վերացնելու նպատակով։ Բայդենի վարչակազմը մի շարք արտակարգ միջոցներ ձեռնարկեց երկու բանկերի ավանդատուներին պաշտպանելու համար, իսկ Դաշնային պահուստը լրացուցիչ իրացվելիություն տրամադրեց՝ օգնելու ոլորտի բանկերին հոգալ ավանդատուների կարիքները: