|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
2024 թ. հոկտեմբերին հայաստանյան մի շարք իրավապաշտպաններ հիմնադրել են «Արցախի Միջազգային Իրավական Նախաձեռնություն»-ը, որի նպատակն է միջազգային իրավունքի լեզվով պատմել արցախցիների կորուստների և խախտված իրավունքների մասին։ Ստեղծումից ի վեր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված լայնածավալ իրավական աշխատանք՝ հիմնական նպատակ ունենալով միջազգային իրավական գործիքների կիրառմամբ արձանագրել և բարձրաձայնել այն խախտումները, որոնց բախվել են արցախցիները 2020թ․ 44-օրյա պատերազմի և 2023թ․ իրադարձությունների հետևանքով։
Բռնի տեղահանման արդյունքում հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրացման հնարավորությունից, խախտվել է արցախցիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, այդ թվում իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածում։ Այս համատեքստում հատկապես կարևոր է ոչ միայն անհատական իրավունքների պաշտպանությունը, այլև արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումն ու իրացման հնարավորության ստեղծումը, քանի որ խոսքը վերաբերում է մի ամբողջ ժողովրդի՝ պատմական հայրենիք վերադառնալու իրավունքին։
Ներկայումս տուժած անձինք չունեն ներպետական արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, քանի որ իրավախախտող կողմը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս պայմաններում միակ արդյունավետ իրավական ճանապարհը մնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործիքակազմի կիրառումը։
Գործընթացի շրջանակում Նախաձեռնությունը ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրի, համապատասխան գույքի սեփականության և այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ ՄԻԵԴ անհատական գանգատի պատրաստման համար։ Յուրաքանչյուր գանգատ ներառում է նաև անհատական պատմություններ սեփականության կորստի, տեղահանման հանգամանքների, ինչպես նաև Արցախի շրջափակման ընթացքում ստեղծված ծանր ու անմարդկային պայմանների մասին։ Պատմությունները ձևավորում են հավաքական տեղահանման և վերադարձի իրավունքի խախտման ամբողջական պատկերը։