|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.86 |
| EUR | ⚊ | € 439.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.8543 |
| GBP | ⚊ | £ 505.5 |
| GEL | ⚊ | ₾ 138.73 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԺ-ում հայտարարեց, որ մոտենում են ընտրությունները, ինչին զուգահեռ բարձրանում է քաղաքական իշխանությունների կեղծիքների ինտենսիվությունը։
Նա նշեց, որ չնայած կեղծիքների ուղղությունները բազմազան են, բայց ինքը պատրաստվում է խոսել 3 կեղծ թեզի մասին։
«Առաջին կեղծ թեզը, որ ՔՊ-ական քարոզչամեքենան շրջանառումը մեկ տարուց ավելի՝ դա խաղաղությունն է։ Իշխանությունները հայտարարում են, թե մեկ տարուց ավել է, ինչ սահմանին կրակոցներ չկան, ուրեմն խաղաղություն է։ Սիրելի հայրենակիցներ, ամեն փայլուն բան ոսկի չէ, ամեն հանդարտություն խաղաղություն չէ։ Այսօր, այո, պատերազմ ունենք, մենք ունենք պատերազմ, քանզի թշնամու զավթիչ ուժերը մեր տարածքում են, օկուպացրել մեր հայրենիքի մի հատվածը, ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները, դիտարկում են կարևորագույն մայրուղիները։ Ադրբեջանը շրջափակած է պահում Հայաստան մտնող կապուղիները, ադրբեջանցիները մշտապես միջամտում են մեր ներքին գործերին, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը և պարզ քաղաքացիներ պատանդ են Բաքվի զնդանում, Արցախցիները ենթարկվել են ցեղասպանության»։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, մյուս ՔՊ-ականներն էլ կրկնում են, թե սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան մեր տարածքից։ «Երկու տարի առաջ այս օրերին, մարտի 9-ին Ադրբեջանը պահանջեց, որ հայկական կողմը դուրս գա Կիրանցի հատվածում մի տարածքից, որ իրենք իրենցն էին համարում։ Իշխանությունները Ադրբեջանի պահանջը կատարեցին, բայց ասեցին մի վախեցեք այսօր-եքուց էլ ադրբեջանցիք Բերքաբերից դուրս կգան։ Երկու տարուց ավել է անցել, դուրս են եկե՞լ են, ե՞րբ են դուրս գալու»։
Նա նաև հիշեցրեց Ջերմուկի դեպքերը, երբ ադրբեջանցիները շրջափակման մեջ էին հայտնվել։ «Իշխանությունները հայտարարում են, թե դրանք սոված են, ծարավ են, ծնողներին են կարոտում՝ հեսա-հեսա ռադները քաշելու են, գնան, բայց այնտեղ են, Շորժայում են, Շուռնուխում են, Իշխանասարի վրա են, սա իհարկե խաղաղություն է։ Եթե Ազգային ժողովի դահլիճից ադրբեջանական դրոշները չեք տեսնում, չի նշանակում, որ դրանք մեր տարածքում չեն։ Սիրելի հայրենակիցներ, իշխանությունները ձեզ փորձում են թմրեցնել, նարկոզի տակ պահել, որ չտեսնեք, չզգաք ուղղակի ինչ է կատարվում։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի՝ իրական, արժանապատիվ, բոլոր կողմերի կենսական շահերը պաշտպանող խաղաղություն չի լինի, և հենց այդ թմբիրի մեջ մենք կորցնենք մեր պետականությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետև կողմ ենք խաղաղությանը, իրական խաղաղությանը, այլ ոչ թե այն նարկոզին, որի տակ պահում եք մեր հասարակությանը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։