կարևոր
409 դիտում, 6 ժամ առաջ - 2026-02-13 13:30
Հասարակություն

«Իբրև չարամտորեն խուսափել են հարկեր վճարել». Ինչու են խուզարկում պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակը

«Քրեական վարույթը նախաձեռնվել է 4 ամիս առաջ, բայց որոշել են մտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն միայն այսօր։ Հռետորական հարց՝ ինչո՞ւ»,- լրագրողների ասաց  «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է  դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 9-ին։ Գործի փաստական հանգամանքները վերաբերում են հետևյալին. իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2015 -2025 թթ. իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև Հայաստանյան Առաքելական Սուրբ  եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցած ընկերություններից  ավելի բարձր գնով, չնայած որ իբր հնարավորություն է ունեցել  ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները  ներմուծող և արտադրող ընկերություններից։ Իբր դրանով նաև այդ ընկերությունների համար, որոնք ունեն  իբրև փոխկապակցվածություն եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձապես խոշոր չափերով հարկերից, արդյունքում  որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցներ»,- մանրամասնեց փաստաբանը։

Նա ընդգծեց, որ բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն գործում, վստահ է, որ փոխկապակցվածություն էլ չունեն։  Ինչ վերաբերում է թվաբանական ցուցանիշին, նշեց, որ հրապարակելու հնարավորություն չունի, խոսքը նախաքննական գաղտնիք մասին է։

Ըստ նրա, գաղտնիք չէ, որ սա եկեղեցու դեմ արշավի շրջանակներում իրականացվող գործողություն է։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրավապահները նախաձեռնել են վարույթ, և եթե որոշակի հանգամանքների բերում կոնսենսուս չեն կարողանում ձեռք բերել, այս դեպքում գիտենք, որ եկեղեցու հետ կապված կոնսենսուս չկա, իրավական հիմք են ստեղծում որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս 4 ամիսների ընթացքում Արմեն Չարչյանը, ԲԿ-ից որևէ աշխատակից չի հրավիրվել վարույթ իրականացնող մարմին, չի ստացել ծանուցագիր։ 

Նա նշեց, որ խուզարկության որոշումը ուսումնասիրելիս պարզ է եղել, որ դատարանը թույլատրել է խուզարկության արդյունքում վերցնել միայն հաշվապահական, վճարահաշվարկային փաստաթղթեր, կրիչներ, սակայն Արմեն Չարչյանի աշխատասենյակից նաև գումար են վերցնել։ Ըստ Է.Ալեքսանյանի, խուզարկության որոշման նկարագրական մասում հստակ նշվում է, որ  ԱԱԾ համապատասխան աշխատակիցը  իր լիազորությունների իրականացման շրջանակներում, հատկապես  օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու շրջանակում,  ձեռք է բերել այն տեղեկությունը, որն արդեն հաղորդեց, և դրա հիման վրա էլ հենց ԱԱԾ աշխատակիցը  ներկայացրել է համապատասխան հաղորդում, որի հիման վրա հաջորդ օրը՝  հոկտեմբերի 9-ին հարուցվել է  քրեական վարույթ։

«Խուզարկության որոշման մեջ նշված է  հաղորդումը ներկայացվել է բացառապես օպերատիվ տեղեկությունների մակարդակում։ Ֆիքսենք, օպերատիվ տեղեկությունները  դատավարական իմաստով ապացուցողական զամբյուղ չեն, ապացուցողական որևէ նշանակություն չունեն, այսինքն այս պայմաններում գործ ունենք սնանկ փաստական տվյալների հետ»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ներկա պահին Արմեն Չարչյանին բերման ենթարկելու, ձերբակալելու նախադրյալներ չկան, վարույթ իրականացնող մարմինը նմանատիպ գործողություններ չի պլանավորում։

Նշենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում էին «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և փոխտնօրենի աշխատասենյակները։