կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-03 22:27
Աշխարհ

Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները

Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում պաշտպանել ոտնահարվող իրավունքները

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը ուղերձ է հղել հայ իրավաբաններին.

«Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։

Ցավով և խոր մտահոգությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների մի շարք պետական որոշումներ և նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային, սահմանադրական և հոգևոր հիմնարար արժեքներին, մինչ օրս չեն արժանացել համարժեք հրապարակային կամ մասնագիտական իրավական գնահատականի։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների ազատ տեղաշարժի սահմանափակմանը և նրանց մասնակցության խոչընդոտմանը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ Սրանք վարչական կամ ընթացակարգային բնույթի հարցեր չեն, այլ ուղղակիորեն առնչվում են խղճի ու կրոնի ազատությանը և Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի և միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք և արդյունավետ իրացումը։

Այսօր, սակայն, «նոր» Հայաստանի իշխանությունները ավանդական քրիստոնեական արժեքների նսեմացումը ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանություն՝ աղավաղելով իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը։

Պետությունը փորձում է Եկեղեցուն վերաբերվել որպես վարչական կամ գործադիր մարմնի՝ խախտելով նրա ներքին ինքնավարությունը և խոչընդոտելով համաեկեղեցական նշանակություն ունեցող ժողովի գումարումը։ Հոգևորականներին առաջադրվում են անհեթեթ և իրավական հիմքերից զուրկ մեղադրանքներ՝ ներեկեղեցական որոշումները չկատարելու կամ դրանք դատական ատյանների միջոցով կասեցնելու պատրվակով։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի բազմադարյա ինքնուրույն գոյություն և երբեք չի հանդիսացել պետական կառույց կամ ենթակա մարմին։

Այս իրողությունների հետևանքով համաեկեղեցական ժողովը այսօր ստիպված է գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դա պայմանավորված է իշխանական միջամտությունների իրական վտանգով։ Մինչդեռ այդ ժողովում պետք է քննարկվեն բացառիկ կարևորության հարցեր, առնչվող Հայ Առաքելական Եկեղեցու ներկային և ապագային։

Քրիստոնեական ավանդությունը հստակ է այս հարցում. «Որտեղ արդարություն չկա, այնտեղ իշխանությունը վերածվում է բռնության»։ Եկեղեցական հայրերի այս ուսմունքը արդարությունը ներկայացնում է ոչ թե որպես բարեմաղթանք, այլ՝ որպես իշխանության օրինականության սահման։ Հայ իրավական և փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հստակ ձևակերպում է նույն սկզբունքը՝ նշելով, որ օրենքը կոչված է պաշտպանելու թույլերին ուժեղներից, այլ ոչ թե դառնալու ուժեղների գործիքը՝ թույլերի դեմ։

Այսօր, սակայն, երբ իրավաբանական խնդիրները վերաբերում են առավել խորքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի՝ Եկեղեցու ազատությանը և ինքնավարությանը, հոգևորականների հիմնարար իրավունքներին, ինչպես նաև պետական մակարդակով եկեղեցական գույքի վաճառքի կամ նվիրատվության մտահոգիչ նախաձեռնություններին, նկատվում է անհասկանալի լռություն։ Այդ լռությունը նման իրավիճակներում, կամա թե ակամա, ընկալվում է որպես համաձայնություն կամ մասնագիտական և բարոյական պատասխանատվությունից խուսափում։

Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ։ Նա նաև արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատաստանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ՝ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները և դրանք վերածելու հետևողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների և իրավունքների, որոնք այսօր վտանգված են Մայր Հայրենիքում։

Օրհնությամբ՝

Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։