|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կապանի «Սյունիք» օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից՝ ի պատասխան հունվարի 22-ին կառավարության նիստում հնչեցրած ծրագրերը մեկնաբանելու խնդրանքի։
Կառավարության նիստում հաստատվել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի ընտանիքին պատկանող «Corporacion America» ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանների կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները:
Ներկայում Կապանի օդանավակայանը սպասարկում է միայն ներքին չվերթեր դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումներ դեռ չեն սկսվել: Ուստի առայժմ պատկերացում չկա, թե սահմանային վերահսկողության, թռիչքուղիների և մյուս տարրերի համար որքան լրացուցիչ ներդրումներ են անհրաժեշտ, և այդ ներդրումները երբ կարող են իրականացվել։
Նախկինում, ըստ պայմանագրի, «Corporacion America»-ն նախապատվության իրավունքով կարող էր կոնցեսիան տարածել Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած նոր՝ «Զվարթնոցից» 250 կմ շառավղով միջազգային օդանավակայանի վրա։ Նշենք, որ հաշվի առնելով, որ այս դեպքում շառավիղը չափվում է օդային ուղիղ գծով, հետևաբար այն ընդգրկում է երկրի գրեթե ամբողջ տարածքը։ Այդ պատճառով ի սկզբանե՝ 2001 թվականին, կոնցեսիոները ստանձնել էր Երևանի «Զվարթնոց», իսկ 2007 թվականին՝ նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կառավարումը։
Կոնցեսիոն պայմանագրի վերջին փոփոխություններով այս դրույթը չեղարկվել է։ Ըստ նախարարության՝ դա արվել է Կապանի օդանավակայանը միջազգային (կամ գոնե դրա մասին քննարկումներ սկսելու համար) դարձնելու համար՝ առանց կոնցեսիոներին հանձնելու։
Հիշեցնենք, որ «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի բաժնետերերն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կառավարության հիմնադրած՝ «Սյունիքի մարզի զարգացման հիմնադրամը»: