կարևոր
1105 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-22 17:49
Քաղաքական

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. Բագրատ Սրբազանը կոչ արեց հոկտեմբերի 2-ին հավաքվել Հանրապետության հրապարակում

«Այս շարժումը նոր է սկսում, ու եթե սա ոմանց համար քաղաքական գործ է, ինձ համար կյանք է: Հաղթելու է նա, ով համառ է ու համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների: Սա ճշմարտության պայքար է ու ոչ մեկ չի կարող ինձ բաժանել այս հավատքից»,- այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանն ասաց, որ հաշվի առնելով սեպտեմբերի 28-ին և 29-ին սրբազան մյուռոնօրհնության ու Մայր Տաճարի վերաօծման արարողությունները, շարժման համակարգող խորհրդի հետ խորհրդակցելով, որոշել են, որ  ակտիվ պայքարի շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում: Բագրատ Սրբազանի խոսքով՝  մտնելու են պայքարի ինտենսիվ ու հետևողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված:

 Սրբազան Հայրն ասաց, որ պետք է վերականգնեն Սահմանադրական կարգը մեր երկրում. «ՀՀ-ն պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա պետական շահերի դիրքերից: Պետք է ձեւավորենք նոր իշխանություն, որը ըստ արժանիքների կձևավորվի: Պետք է վերացվեն այս իշխանության  կողմից հանրության ներսում ստեղծված պետության  ու հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը: Մենք պետք է դառնանք երկարաժամկետ ու կայուն խաղաղության դրոշակակիրը: Պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր արդար և իրական իրավունքը: Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, արցախյան հիմնախնդրի՝  միջազգային քննարկումների օրակարգ բերելով: ՀՀ-ն պետք է հրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից, վերադառնա վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Վաղվա Հայաստանում պիտի գործի այլևս երբեքի սկզբունքը որպես մտածողություն ու գործողությունների ուղենիշ: Մենք պետք է ու կարող ենք մեր հաստատակամությամբ մեր հասարակությունն ազատագրել պարտության ճիրաններից»,-ասաց Բագրատ Սրբազանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։