կարևոր
622 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-12 17:43
Աշխարհ

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Գերմանիան սկսել է Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպից հետո: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Դա արդեն իրականացվում է: Գերմանիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան որոշել են գործողության ընդգրկույթը», - պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գերմանիայի կառավարությունը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքի հետ, թե Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը կարող էր սխալի պատճառ լինել, ասել է, որ «Գերմանիայի կառավարությունը ղեկավարվում է ՆԱՏՕ-ի գնահատումներով»: 

«Այդ վերլուծությունը դեռևս շարունակվում է, - նշել է նա: - Գերմանիայի կառավարությունը և ՆԱՏՕ-ն ներկայում կասկածներ չունեն անօդաչու թռչող սարքերի ռուսական ծագման վերաբերյալ»:

Սեպտեմբերի 11-ին Կոռնելիուսը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է ընդլայնել Լեհաստանի օդային տարածքի պարեկությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպից հետո:

Սեպտեմբերի 10-ի առավոտյան լեհական բանակի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է մի քանի օբյեկտների ոչնչացման մասին, որոնք նույնականացվել են որպես անօդաչու թռչող սարքեր և խախտել երկրի օդային տարածքը:  Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ գիշերը գրանցվել է օդային տարածքի շուրջ 20 խախտում: Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ն Լեհաստանի խնդրանքով գործի է դրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ դաշինքի անդամների խորհրդակցություններ սկսելու համար։

Ինչպես հայտարարել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, ՌԴ զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին Իվանո Ֆրանկովսկի, Խմելնիցկու, Ժիտոմիրի մարզերում, ինչպես նաև Վիննիցայում և Լվովում: Լեհաստանի տարածքում ոչնչացման թիրախներ չեն պլանավորվել: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պատրաստ են լեհական կողմի հետ խորհրդակցությունների այս թեմայով: