կարևոր
1156 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 15:37
Հասարակություն

Արարքները լիովին համապատասխանում են խոշտանգման հանցակազմին․ իրավապաշտպանները՝ Արթուր Չախոյանի դեպքի մասին

Արարքները լիովին համապատասխանում են խոշտանգման հանցակազմին․ իրավապաշտպանները՝  Արթուր Չախոյանի դեպքի մասին

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է արել․
 

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին։

Այնուհանդերձ, ոստիկանության ծառայողների այդ վարքագիծը տարօրինակ չէ, քանի որ որպես նրանց գործողություններն առերևույթ ղեկավարող՝ հանդես է գալիս դեռ մեկ տարի առաջ քաղաքացու խոշտանգմանը մասնակից լինելու համար քրեական հետապնդման ենթակա, բայց անպատիժ մնացած ոստիկանը։

Կարևոր է ընդգծել, որ թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին («Պաշտոնատար անձի կողմից … որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ … այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ … անձը կատարել է …». ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 450):

Ակնկալում ենք, որ քաղաքական ու հասարակական կառույցների կողմից հանրային ճնշման արդյունքում հնարավոր կլինի իրավապահներին վերադարձնել օրինականության դաշտ։

Հիշեցնենք՝ այսօր Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել բլոգեր Արթուր Չախոյանի և աշխատակիցների միջև, որին մասնակցել է նաև վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ բռունցքով հարվածներ հասցնելով բլոգերի դեմքին։ Ավելի ուշ Չախոյանին բերման են ենթարկել, նա ոստիկանական բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: