կարևոր
892 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-24 19:21
Հասարակություն

Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան

«Փաստորեն, պատերազմի ժամանակ կրել ենք ծանր պարտություն, և այս իշխանությունն այդ պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել։ Ավելի քան 4 տարի մենք գտնվում ենք այդ շրջանում, ինչ-որ բան զիջել-տալ։ Ուղղակի մաշեցնող երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե նաև այս ֆոնին Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ-շատերի համար»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Ցեղասպանության հարցը սակարկման առարկա է դաձել, նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Լո՞ւրջ․ ես պետք է էդ հիմարությունը պարզաբանե՞մ։ Կարծում եմ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի մեջ մտցնողը հենց ես եմ եղել, և իմ ժամանակաշրջանում ավելի մեծ թվով երկրներ են ճանաչել Ցեղասպանությունը։ Մարդիկ, որոնք մատը մատին չեն կպցրել այս հարցերի համար և հիմար-հիմար դուրս են տալիս, պատրաստ չեմ մեկնաբանել ուղղակի»։

Հարցին, թե՝ իշխանությունը Հայաստանի Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին է խոսում, կստացվի՞ նաև այդ կարմիր գիծն անցնել, նախագահ Քոչարյանը ասաց․ «Այդ ուղղությամբ ջանքերը, Ցեղասպանության ուրացումը բերելու են նրան, որ ուրացվելու են մարդիկ, ովքեր փորձում են դա անել, իրենք են մոռացվելու մեր ժողովրդի կողմից»։

Անդրադառնալով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն այրելու վերաբերյալ իշխանության մեղադրանքներին, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ես ձեզ հիշեցնեմ, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ ՌԴ դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են այսօր երկրում բարձրագույն պաշտոններ՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, մամուլի նախկին քարտուղարներ և այլ և այլն։ Եթե ընդհանրապես դա անթույլատրելի այլ է, հարց է առաջանում՝ կրկնակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ կիրառելի՞ են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։