Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
Հայաստանը ինտենսիվ կազմաքանդվում է։ Նեխահոտ է գալիս կառավարման փնթիությունից ու բորենու հոգեբանությամբ հասարակական կոլաբորացիոնիստ շերտից։
Տեղի ունեցավ անմարդկային ողբերգություն, բայց դա վերջը չէ, եթե ոչինչ չփոխվի։
Ներհասարակական բարքերը գտնվում են բորենիների և գլուխները կախ ոչխարների կոորդինատներում։
- Պատերազմից ու պարտությունից հետո ռեստորաններում քեֆերը չէին դադարում։ Սա համարվեց նորմալ։
- 5000 զոհ տալուց հետո երկրի առաջին դեմքերը միկոնոսներում թռվռում էին։ Նորմալ համարվեց։
- Պատերազմը հասնում է Ջերմուկ, 200-ից ավել զոհ. մի քանի օրից մոռացվում է։
- Երկրի ղեկավարի ամեն ելույթ գալիք աղետի անոնս է ու սեփական անճարակության մասին հայտարարություն. ոչ մի հետևություն։
- Ալիևը մեկ տարի է տալիս մեզ՝ հանձնվելու համար. դատապարտված գառի հոգեբանությամբ շարունակում ենք ապրել։
Ընդդիմության «մեր օրակարգում» չկա՞ հանրային տրամադրությունների կազմակերպումը, հանրային ցասումը ռացիոնալ պայքարի հունի մեջ դնելը, իշխանության փոփոխության գրագետ աշխատանքի կազմակերպումը։
Իշխանական փնթի կառավարման և դեգրադանտ հանրային բարքերի պայմաններում ամեն օր նոր աղետ, նոր ողբերգություն կարող է տեղի ունենալ։ Քանդվող պետությունը ողբերգության միջավայր է։ Սա կանգնեցնել է պետք։ Ինչպե՞ս։ Իշխանությունը Հայաստանում պետք է փոխվի։ Ուրիշ լուծում չկա։ Արդեն առնվազն 7-8 ամիս է, ինչ բոլորը հասկացել են, որ պայքարի արդյունավետ ձևաչափ չունենք։ Միևնույն է, շարունակում ենք կառչած մնալ ու հորինել հազար սուտ, թե ինչու նոր, ավելի աշխատունակ ձևաչափեր, պայքարի ենթակառուցվածքներ չենք ստեղծում։ Ժողովուրդը մնացել է առանց առաջնորդության, հետևաբար՝ պետության դեգրադացիան դառնում է ավելի ինտենսիվ։ Հայաստանում աղետալի դեպքեր են լինում ողբերգական հաճախականությամբ, և հանրությունը հուզական, էմոցիոնալ արձագանք է տալիս, պահանջներ ներկայացնում, որոնք չկազմակերպված հանրության պարագայում հնարավոր չի լինում վերածել գործողության ալիքի։
Երկրորդ օրն է՝ Հայաստանում համատարած ցասում է, բայց չկա համակարգ, որն էմոցիաները, ցասումը կվերափոխի քաղաքական պրոցեսի։ Հիմա ո՞ւմ մեղադրենք։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ