կարևոր
2179 դիտում, 23 ժամ առաջ - 2025-04-18 14:29
Աշխարհ

Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո

Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Փարիզում ԱՄՆ-Ուկրաինա-Եվրոպա բանակցություններից հետո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցը հաջորդել է Փարիզում ուկրաինական պատվիրակության և եվրոպացի դաշնակիցների հետ ամերիկյան կողմի բանակցություններին։

«Պետքարտուղարն իր ռուսաստանցի գործընկերոջը փոխանցել է նույն ուղերձը, որն ԱՄՆ թիմը փոխանցել է ուկրաինական պատվիրակությանը և մեր եվրոպացի դաշնակիցներին Փարիզում՝ նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի, և այժմ բոլոր կողմերին ներկայացրել են տևական և կայուն խաղաղության ուրվագծերը», - նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Փարիզում ԱՄՆ առաջարկը «խրախուսելի ընդունելության» է արժանացել, ինչը ցույց է տալիս, որ «խաղաղությունը հնարավոր է», եթե բոլոր կողմերը հանձնառու լինեն համաձայնության հասնելուն։

Ապրիլի 17-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել էր ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների բանակցությունները՝ դրանք անվանելով «հավաքվելու շատ կարևոր առիթ»։

Ուկրաինական պատվիրակության կազմում են եղել նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Փարիզում հանդիպումից օրեր առաջ Սթիվեն Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հանդիպումից հետո ասել էր, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում ռուս-ուկրաինական համակարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում։