կարևոր
1102 դիտում, 16 ժամ առաջ - 2025-04-15 10:50
Իրավական

Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ»

Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր` Նաիրի Սարգսյանի հետ 2017 թվականին վիճաբանած Արթուր Այվազյանը` «Մանախը», արդարացվել է դատարանում։ Ստացվում է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները քաղաքացի Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գլխին սարքել էին, բողոքել նրա դեմ, թե բռնություն է գործադրել իրենց նկատմամբ:

Իսկ հիմա՝ ամենասկզբից. Արթուր Այվազյանին՝ բոլորին հայտնի «Մանախին», մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի մարտի 31-ին` ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսեւորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի հանդեպ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում, որից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում տեղեկացրել է այն մասին, որ դաշինքի շտաբի անդամների նկատմամբ զինված հարձակում է եղել:

Այդ դեպքից հետո Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Այս գործով վկայի կարգավիճակով դատարան էր հրավիրվել արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը։ Արդյունքում 2020 թվականին, դատարանի որոշումով, Արթուր Այվազյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Դատարանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Այվազյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` առանց պատժի նշանակման:

Իսկ ահա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով, 2 (երկու) տարի ժամկետով:

«Կիրառել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներն ու ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին ազատել սույն դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատժից»: Այս որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, ու արդյունքում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Արթուր Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ եւ արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

«Ամբաստանյալ Արթուր Աշոտի Այվազյանին, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»։

Ի դեպ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դատախազի տեղակալի բողոքը, եւ վերաքննիչ դատարանի որոշումը մնացել է անփոփոխ»։