կարևոր
3022 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-04-09 12:05
Աշխարհ

Խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև

Խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև

«Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, երբ դա արվի, և խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, այն ժամանակ Հարավային Կովկասի համար որևէ խոչընդոտ չի լինի՝ փորձելով դառնալ ինտեգրված տարածաշրջան։

«Կարծում եմ, որ սա կարող է շահեկան իրավիճակ լինել հարավկովկասյան երեք երկրների համար։ Իրատես լինելով, իհարկե, չենք կարող պատկերացնել, որ անմիջապես կընկերանանք Հայաստանի հետ։

Սա անիրատեսական է, և նույնիսկ ինչ-որ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է։ Բայց մենք պատրաստ ենք փոքր քայլեր սկսել՝ վստահություն ստեղծելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ վերջին շրջանում որոշակի նախաձեռնություններ են եղել, և իրենք կսպասենք հայկական կողմի դիրքորոշմանը։

Ալիևը նաև ասել է. «Եթե ​​Ադրբեջանի և  Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա, իհարկե, համագործակցություն սկսելու համար որևէ խոչընդոտ չի լինի։

Կարծում եմ, որ չպետք է ժամանակ կորցնենք, քանի որ, կրկին, խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և իրենց սահմանադրության առումով»։