Փոխարժեքներ
17 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.27 |
EUR | ⚊ | € 444.48 |
RUB | ⚊ | ₽ 4.7438 |
GBP | ⚊ | £ 518.9 |
GEL | ⚊ | ₾ 142.15 |
Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն իր վրդովմունքն է արտահայտել Ժողովրդահանրապետական (Cumhuriyeti Halk Partisi / CHP) կուսակցության անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի ռասիստական հակահայկական գրառման կապակցությամբ։ Այդ մասին, www.akunq.net –ի փոխանցմամբ, հաղորդում է Թուրքիայում տպագրվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թանժու Օզջանն ապրիլի 5-ին սոցիալական հարթակում հանդես էր եկել Աբդուլլահ Օջալանին ուղղված հետևյալ գրառմամբ․ «Երանի հայ հայրդ 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու, Օջալա՛ն, բոլորովին չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։
Թեև գրառումը վրդովմունքի է արժանացել որոշ շրջանակների կողմից, սակայն Ժողովրդահանրապետական կուսակցությունը որևէ դատապարտող կամ այլ հայտարարությամբ հանդես չի եկել։
Այդ ռասիստական գրառման վերաբերյալ իր վրդովունքն է հայտնել նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, ով մասնավորապես հայտարարել է․
«Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հայկական համայնքը այս երկրի արմատական և անքակտելի մասն է։ Սույն հնամենի ժողովուրդը պատմության ընթացքում մշակութային, տնտեսական և հասարակական կարևոր ներդրումներ է ունեցել այս հողերում, և այսօր էլ նույն վճռականությամբ շարունակում է իր գոյությունը։
Վերջին տարիներին հանրության շրջանում լայնորեն քննարկվող Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի՝ ատելությամբ լի արտահայտությունները, որոնք թիրախավորում են հայկական ինքնությունը, բացահայտ կերպով թիրախ են դարձնում նաև մեր համատեղ անցյալը և միասին ապրելու կամքը։ Նմանատիպ արտահայտությունները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր չեն նպաստել եղբայրությանը, միասնությանը և հասարակական համերաշխությանը և այսուհետև ևս չեն նպաստելու։
Երբե՛ք չի կարելի անտեսել ատելության խոսքի օրինականացումը, հասարակական հանդարտությունը սպառնալիքի տակ վերցնող հայտարարությունները։
Այդ կապակցությամբ, իրավասու անձանց և հասարակայնությանը կոչ եմ անում ավելի պատասխանատու հայտարարություններով հանդես գալ։ Խստորեն դատապարտում ենք հայկական համայնքը կամ որևէ այլ ազգի ու ժողովրդի թիրախավորող ամեն տեսակի խտրական և արհամարհական խոսքեր։
Համայնքների համատեղ գոյատևելու հիմքը հավասարությունն է, հարգանքը և համընդհանուր արժեքները։ Այդ սկզբունքներին վնաս հասցնող յուրաքանչյուր մոտեցում վիրավորում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև՝ համայն հանրությանը։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան
Թարգմանեց Մելինե Անումյանը