կարևոր
1249 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-19 11:18
Հասարակություն

Ագրարայինում խուսափում են ռեկտորի ընտրության նիստը լուսաբանելուց

Ագրարայինում խուսափում են ռեկտորի ընտրության նիստը լուսաբանելուց

Yerkir.am-ը դիմել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին մարտի 19-ին ռեկտորի ընտրության նիստի ընթացքը լուսաբանելու խնդրանքով:  Խոջոյանից ստացել ենք պատասխան, որով մերժվում է մեր խնդրանքը: Որպես մերժման հիմք Խոջոյանը մեջբերել է ռեկտորի ընտրության կանոնակարգի 4.1 կետը՝  «Նիստը դռնփակ է (բացառություն է արվում ռեկտորի պաշտոնի հավակնորդների համար: Նիստի, խորհրդի համաձայնությամբ, կարող են լինել նաև պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ):»

Նախ Խոջոյանի պատասխանից հստակ երևում է, որ արգելքը վերաբերում է նիստին մասնակցությանը, այլ ոչ թե լուսաբանմանը: Օրինակ, ցանկության դեպքում խորհուրդը կարող էր համալսարանի կամ այլ էջում ապահովել ուղիղ հեռարձակում: Երկրորդ, անհասկանալի է ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների համար բացառության սահմանումը: ԿԳՄՍ նախարարությունը հիմնադրի կողմից խորհրդում ներկայացված է 3 հոգով՝ Ա. Սվաջյան, Լ. Գրիգորյան, Ա. Պողոսյան: Եվս 5 հոգի խորհրդում ունի ԿԳՄՍՆ հենց իր քվոտայով, չնայած վերջիններս դե ֆակտո ոչ մի կապ չունեն ԿԳՄՍՆ-ի հետ: Եվ երրորդ, համապատասխան ցանկության դեպքում, խորհուրդը կարող էր իր որոշմամբ փոխել իր կողմից այս տարվա հունվարին ընդունված ընտրության կարգը և ապահովել նիստի ընթացքի լուսաբանումը:

Իսկ թե որքանով է օրինական խորհրդի կողմից ընդունված ընտրության կարգը, ընդունողներին խորհուրդ կտանք կարդալ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքը, որի 4 կետով սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, այն է՝ մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը:

Ի դեպ, ՀՀ այլ պետական բուհերում ռեկտորի ընտրության նիստը ոչ միայն լուսաբանվել է ԶԼՄ-ների, կողմից այլ նաև ամբողջությամբ ուղիղ հեռարձակվել է։ Զորօրինակ, ՀՊՏՀ ռեկտորի ընտրության նիստը ամիսներ առաջ:

Ի վերջո, եթե ամեն ինչ թափանցիկ է, ապա ի՞նչ է թաքցնելու համալսարանի խորհուրդը։ 
Արդյո՞ք այս դեպքում իրավունք չունենք պատասխանը որոնելու  համալսարանի աշխատակիցների հետ զրույցներում: Այն է՝ ռեկտոր ընտրել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին, իսկ ընտրություն կոչված բեմադրության մանրամասները թողնել  ընտրության սենյակում` կուլիսներում:

Հ.գ. Համալսարում նաև խոսում են, որ այս ամենն արվում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանի բարձր հովանու ներքո: