Միասին կարող ենք
կարևոր
2035 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 14:30
Հասարակություն

Անդրանիկ Քոչարյանն անբարո հայտարարություն է արել գերիների մասին․ իրավապաշտպան

Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առջև անցկացվում էր Ռուբեն Վարդանյանի կյանքի փրկության, հայ գերիների պաշտպանության ակցիա, որին մասնակցում են իրավապաշտպաններ, հանրային գործիչներ, քաղաքացիներ։

«Պետք է մեծացնենք հանրային արձագանքը՝  նաև իշխանությունից պահանջելով, որովհետև շատ կարևոր է, որ երկրի ղեկավարությունն է դատապարտում, պահանջում։ Հանրության արձագանքն էլ շատ մեծ չէ։ Տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա հանրության շրջանում, անգամ սոցցանցերում, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պետք է ամեն ինչով աջակցենք, նաև այստեղ՝ իշխանությունների դռները ծեծենք, որ լսեն այն, ինչ ասում ենք և անեն այն, ինչ պետք է»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը։

Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է ամեն ինչ անեին, որ գերի չընկնեին՝ Ալեքսանյանը դա գնահատեց «անբարո հայտարարություններ»։

«Մարդիկ օրհասական, մահվան շեմին են, կանգնում են՝ այդպիսի հայտարարություն անում։ Չեմ բացառում, որ մի օր էլ կարող է Անդրանիկ Քոչարյանի հետ այդպիսի բան պատահի, կարծեմ՝ Արցախում եղել է՝ զինվորական հագուստով։ Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները, դա խաթարում է հանրային մեծ արձագանքը։ Պետք է այնքան մեծ աղմուկ բարձրացնեինք, որ չգիտեմ ուր հասներ մեր ձայնը»,- նշեց իրավապաշտպանը։