Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.36 |
EUR | ⚊ | € 418.44 |
RUB | ⚊ | ₽ 4.1077 |
GBP | ⚊ | £ 497.67 |
GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Ապազգային, ապապետական և հակագիտական մտավարժանքներից ծնված վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում և նսեմացում, տարատեսակ քողածածկույթներով թուրք-ադրբեջանական պահանջների բավարարում։
Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ինքնին ուրացման հակաքաղաքակրթական վարք է, որը, թուրքական նախապայմանների բավարարման հետ մեկտեղ, անարգում է 4 տասնյակն անցնող երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ երկրների պարագայում՝ այն քրեականացնելու իրողությունը, նաև՝ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։
Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։
Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը վերահաստատում է՝
• Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամանցելի է, այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է Հայ ժողովրդի և Հայոց պետականության ռազմավարական շահերից,
• Ցեղասպանության դատապարտումը, հետեւանքների վերացումը լրջագույն հիմք են՝ բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները,
• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման` ՀՀ Անկախության հռչակագրով արձանագրված պահանջից հրաժարումը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։
Արձանագրում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների և նախապայմանների անշրջահայաց սպասարկումը թշնամական քաղաքականություն է, որն ուղիղ մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը, ապառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։
Կրկին դիմում ենք հայությանը՝ Հայաստանում և Սփյուռքում, համախմբվելու մեր պետականության կազմաքանդումը կասեցնող ազգային-պետական օրակարգերի շուրջ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
26․01․2025 թ., Երևան