կարևոր
505 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-22 17:47
Իրավական

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Բաքվի շինծու դատավարությունը. Լազարյան ակումբ

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Բաքվի շինծու դատավարությունը. Լազարյան ակումբ

Ռուս-հայկական միջազգային Լազարյան ակումբը հանդես է եկել վճռորոշ բողոքով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող դատավարության:

Ակումբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ գործընթացը խախտում է մարդու իրավունքները և միջազգային դատավարության նորմերը:

«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի դատաստան են իրականացնում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլ բարձրաստիճան գործիչների, ինչպես նաև 2023 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով գերեվարված նրանց հայրենակիցների դեմ», - ասվում է փաստաթղթում:

Ակումբի հատուկ վրդովմունքն է առաջացրել հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը, որոնց Ադրբեջանում անվանում են «ռազմական հանցագործներ»` նրանց համար պահանջելով հնարավորինս խիստ պատիժներ:

Հայտարարության մեջ նշվում է, որ գերիների դեմ մեղադրանքները շինծու են, իսկ դատավարությունը բացահայտ քաղաքականացված է:

«Միջազգային հանրությունից ճշմարտությունը թաքցնելու համար նիստերն անցկացվում են փակ դռների հետևում։ Դեռևս ձերբակալությունից առաջ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի բոլոր ղեկավարներին բացահայտ հանցագործ էին անվանում՝ հասարակության մեջ ատելություն ձևավորելով հայ ժողովրդի, հատկապես Լեռնային Ղարաբաղի բնակիչների նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ հիշատակվում է նաև Ադրբեջանի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Այս համատեքստում Լազարյան ակումբը հիշեցրել է, որ 2020 թվականին ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական ուղղաթիռ (Հայաստանի տարածքում, - խմբ.), իսկ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում զինված ագրեսիայի ժամանակ սպանվել են ռուս խաղաղապահներ։

Այս ամենից հետո Ադրբեջանի ղեկավարությունը սահմանափակվել է ներողություն խնդրելով՝ չպատժելով մեղավորներին և օգնություն չտրամադրելով զոհվածների ընտանիքներին։

«Ինչպե՞ս է դա հակադրվում Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի մշտական հավակնություններին՝ կապված վերջերս իրենց ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ուրեմն պատերազմում, ինչպես պատերազմո՞ւմ», - հարցադրմամբ են հանդես գալիս հայտարարության հեղինակները։

Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ դատն ադրբեջանական ղեկավարության վրեժխնդրության ակտն է, որն այդ գործընթացին հետևում է անթաքույց գոհունակությամբ:

«Անթաքույց գոհունակությամբ են իշխանությունները հետևում «պարտված» թշնամիների նկատմամբ հաշվեհարդարին։ Նման քաղաքականությունը համարում ենք քաղաքակիրթ պետությանը ոչ հարիր։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայերին և նրանց վրայից հանել բոլոր մեղադրանքները», - ընդգծել են ակումբում։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: