կարևոր
298 դիտում, 12 ժամ առաջ - 2025-01-14 16:42
Հասարակություն

Սուրբ Կիրակոսում՝ պատարագ և մկրտություն․ «Թող մեր մեկը հազար դառնա․․․»

Սուրբ Կիրակոսում՝ պատարագ և մկրտություն․ «Թող մեր մեկը հազար դառնա․․․»

Կարոտ Սասունյան

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի ամեն տարի հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծնունդի տոնակատարության համար հրավեր չէր հրապարակվել։ Մենք՝ Դիարբեքիրում ապրող հայերս, նման ակնկալիք ունենալու պատճառով, տխրել էինք՝ մտածելով, թե այդ տոնն այս տարի չի նշվելու։

Ի վերջո, հունվարի 11-ին, շաբաթ օրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու ղեկավարությունը հրապարակեց մի հրավեր, ըստ որի՝ Սուրբ Ծննդյան տոնը նշվելու էր հունվարի 12-ին, Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանի ուղարկած հոգևորականների պատվիրակության միջոցով։ Այն ժամանակ, երբ արդեն լիովին հուսալքվել էինք, կիրակի օրը տեղեկացանք, որ տոնը նշվելու է և շատ ուրախացանք։ Մեր բարեկամներին ու ազգականներին լուր տվեցինք և կիրակի օրը պատրաստվելով՝ եկեղեցի գնացինք։

Այս տարի, այլ տարիների համեմատ, շատ քիչ մարդ էր եկել եկեղեցի։ Սակայն Դիարբեքիրի հայ համայքի գրեթե բոլոր ներկայացուցիչներն այնտեղ էին։ Բացի հայերից՝ ասորական եկեղեցու քահանա Էբունե Յուսուֆը, քաղդեական եկեղեցու ղեկավար խորհրդի նախագահ Յուսուֆ Ալթընելը և եկեղեցի այցելած քուրդ և թուրք հետաքրքրասերներ էլ էին ներկա։

Այս տարվա պատարագը մատուցվեց Կ․Պոլսո պատրիարքարանի ուղարկած հոգևորականների ձեռամբ։ Արարողությունից հետո եկեղեցի եկած հյուրերին նուռ բաժանեցին։ Ես էլ իմ ստացած նուռը կտրեցի եկեղեցու մուտքի մոտ՝ մաղթելով, որ «Մեր մեկը հազար դառնա․․․»։

Եկեղեցում մեկ այլ արարողություն էլ կատարվեց․ իրականացվեց դիարբեքիրցի արվեստի գործիչ Ուդի Երվանդի որդու՝ Տիգրանի մկրտության արարողությունը, որը կատարեց տերհայր Թեոդիկը։ Կնունքին, մկրտվող Տիգրանի ծնողների և կնքահոր հետ մեկտեղ, մասնակցեցին նաև Դիարբեքիրի հայ համայնքի բազմաթիվ անդամներ։ Տերհայր Թեոդիկն առաջարկեց, որ Տիգրանին, որպես մկրտության անուն, տրվի Կիրակոս անունը, սակայն մկրտվողի հայրը՝ Ուդի Երվանդը, խնդրեց, որ նա կրի Արամ Տիգրան Կիրակոս անունը։ Այդպիսով՝ այս տարվա առաջին մկրտությունը եղավ Արամ Տիգրան Կիրակոսի կնունքը։

Հուսով եմ՝ այս տարի նռան հատիկների չափ մկրտության արարողություններ կկատարվեն․․․

Հղում եմ իմ հարգանքները։

13.01.2025

Տիգրանակերտ / Դիարբեքիր

Լուսանկարները՝ Կարոտ Սասունյանի

Թուրքերենից թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net