կարևոր
184 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-20 14:18
Հասարակություն

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ հոր հայտնի դիմանկարը կեղծ է, պետությունն էլ լռում է

Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը, հստակ կասկածներ ունի, որ քանդակագործի հայտնի դիմանկարը, որը գտնվում է պատկերասրահում, կեղծ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուբեն Քոչարը: 

«Դիմանկարն իր ներքևում ունի փայտե գիծ, որը նկարել է Քոչարը: Հայրս մի անգամ ինձ ցույց տվեց, որը իմ մեջ տպավորվել է, այդ փայտն ունի մեխերի տեղ, որը նկարված է, անցք չէ: Նա ինձ ասաց, որ եթե Հայաստանում գտնեք մեկին, որ կարող է այսպիսի մեխի անց նկարել, ես իմ վիզը կկտրեմ: Դա տպավորվել է մինչև այսօր: Այդ նկարի վրա այսօր բացակայում է փայտը և մեխի տեղերը: Հիմա, եթե նկարի շրջանակը փոքր են արել ու այդ հատվածը փակել է, բայց դա էլ մի ուրիշ պատմություն է: Քոչարը դա նկարել է, հպարտանում էր, որ այպիսի բան ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա», - հայտարարեց Քոչարը: 

Նա նշեց, որ այլ կասկածներ ևս ունի: Քոչարի խոսքով՝ Երվանդ Քոչարի թանգարանի գործերի ինչ-որ մաս օրիգինալ են: Դրա համար պետությունից փորձաքննություն է խնդրում, որովհետև դա պետությանն է պատկանում:

« Պետության ներկայացուցիչները, հակառակը, որևէ արձագանք չեն տալիս, ասում են՝  քեզ հետ խոսելու ոչինչ չունեմ: Այսքան ամիսներ նախարարի կողմից բացի ֆշշոցից ու թարս հայացքից, ուրիշ բան չեմ նկատել: Չի հարցնում ինչի մասին է խոսքը, ըստ երևույթին գիտի, դրա համար չի հարցնում»,- ասաց նա:

Ավելին՝ Ռուբեն Քոչարն ասաց, որ հոր անհետացած ստեղծագործություններից միայն մեկի տեղը գիտեն՝ Մոսկվայում է, ևս մեկ ստեղծագության մասով էլ կասկած ունեն, մտածում են՝ ֆիզիկական անձի են նվիրել, բայց անուն չեն հրապարակի։