կարևոր
1237 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 16:58
Հասարակություն

Կոմիտասն առաջին անգամ կհիշատակվի իր ծննդավայր Քյութահիայում

Կոմիտասն առաջին անգամ կհիշատակվի իր ծննդավայր Քյութահիայում

Քյութահիայի (Կուտինա) քաղաքային խորհրդի Պատմության, մշակութային ժառանգության և տեղական արժեքների խումբը հոկտեմբերի 20-ին, ժամը 14։00-ին կկազմակերպի Կոմիտաս Վարդապետին նվիրված մի միջոցառում։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ նաև Քյութահիայի քաղաքապետարանի աջակցությամբ Քյութահիայի մշակույթի և արվեստի միության շենքում կայանալիք այդ միջոցառման մուտքն ազատ կլինի։

Միջոցառման վերաբերյալ մեկնաբանություններ տված Քյութահիայի քաղաքային խորհրդի Պատմության, մշակութային ժառանգության և տեղական արժեքների խմբի նախագահ Ահմեդ Սունալը «Իհլաս» թուրքական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է․ «․․․Մեր Թուրքիան, այսինքն՝ Անատոլիայի տարածքները մեզ հիշեցնում են, որ մենք կարողացել ենք, մեր զանազանություններով հանդերձ, համատեղ ապրել, և որ հնարավոր է եղել այնպիսի աշխարհի գոյությունը, որում տիրապետող էին համերաշխությունն ու փոխըմբռնումը։ Մենք էլ այսօր նույն ոգով ողջունում ենք արվեստի միավորիչ ուժը և ապագային ենք նայում խաղաղությամբ լեցուն աշխարհի գոյության հույսով»։

Ահմեդ Սունալը շեշտելով, որ ներկայում Մերձավոր Արևելքը դժվարին ժամանակաշրջան է ապրում, հիշեցրել է նաև Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի «Հայրենիքում խաղաղություն, աշխարհում՝ խաղաղություն» խոսքը և հավելել․ «Բազմամշակութայնությունը հարստության ցուցանիշ է։ Կոմիտասն էլ է մեզնից մեկը։ Կոմիտասը կարևոր արժեք է»։

Թուրքական աղբյուրը նաև հայտնում է, որ միջոցառումը կմեկնարկի «Քյութահիացի Կոմիտասը․ այդ պատկերի պատմությունը» վերնագրով կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ։
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցը և հարցազրույց տված անձը դիտումնավոր կերպով անտեսում են Կոմիտասի հայկական ծագումը և այն փաստը, որ Վարդապետը հոգեկան ցնցում է ստացել Հայոց ցեղասպանության հետևանքով։
Հարկ է նշել, որ վերջին շրջանում թուրքական լրատվական, գիտական և մշակութային ոլորտներում նկատելի է հանճարեղ հայ երգահանին յուրացնելու միտում։ Այդ կերպ թուրքերը միանգամից 2 նպատակ են հետապնդում․ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունն ու վերջինիս զոհերին և որպես «թուրքական/օսմանյան մշակույթ» ներկայացնել հայկական հզոր մշակութային գործերը։

Եթե թուրքերն իրապես և անկեղծորեն ցանկանում են հարգել Կոմիտասի հիշատակը, ապա նախ և առաջ պետք է ներողություն խնդրեն Հայոց ցեղասպանության համար, որի միլիոնավոր զոհերից մեկն էլ եղել է հենց ինքը՝ Կոմիտաս Վարդապետը․․․

 

Թուրքական աղբյուրը՝ https://www.iha.com.tr/kutahya-haberleri/gomidas-memleketi-kutahyada-ilk-kez-anilacak-126724063

Մելինե Անումյան

Akunq.net